Zark Foundation

Հարություն Սուրխաթյան

Հարություն Սուրխաթյան

Գրականագետ, թարգմանիչ

5 մայիս, 1882 - 9 ապրիլ, 1938

Հարություն Թումանյան
Ծնվել է Հին Ղրիմում: Նրա ծննդավայրն ուներ իր երկրորդ, առավել հնավանդ անունը` Սուրխաթ, որից էլ գրականագետը ստեղծել է իր գրական անունը` Սուրխաթյան: Ինը տարեկան հասակում կորցրել է հորը և սկսել աշխատել ծխախոտի պլանտացիայում: Չնայած նյութական ծանր պայմաններին, նրան հաջողվել է ավարտել տեղի ծխական դպրոցը: 1895թ. մեկնել է Մելիտոպոլ և աշխատել որպես խանութի աշակերտ: Ապա տեղափոխվել է Կամենսկոյե և դարձյալ կատարել նույն ծանր աշխատանքը, որի պատճառով ստացել է թոքախտ հիվանդությունը: Հետո մեկնել է Թիֆլիս և իր ազգականի` Քրիստափոր Կարա-Մուրզայի օգնությամբ աշխատանքի անցել տեղի երգչախմբում: Թիֆլիսում նրա հիվանդությունը սաստկացել է, և ստիպված է եղել թողնել աշխատանքը: 1900թ. մեկնել է Աշխաբադ և ուսուցչություն արել տեղի հայկական դպրոցում, որից հետո կրկին վերադարձել է Ղրիմ: Հեռակա քննություններ է հանձնել և ավարտել Նոր Նախիջևանի հոգևոր սեմինարիան: 1907թ. մեկնել է Խարկով, ընդունվել տեղի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ, սակայն դարձյալ առողջական վիճակի պատճառով չի կարողացել ավարտել այն: 1910թ-ից մշտական բնակություն է հաստատել Թիֆլիսում, որտեղ սկսել է դասավանդել տեղի գիմնազիայում և Հովնանյան դպրոցում: 1918թ-ից աշխատակցել է «Պահակ» և «Կարմիր ծիլեր» բոլշևիկյան թերթերին: Խորհրդային կարգերի հաստատումից հետո աշխատել է որպես Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչը Վրաստանում, Արտասահմանի հետ մշակութային կապի Անդրկովկասյան կոմիտեի նախագահ: Վրաստանի լուսավորության կոմիսարիատը լիազորել է նրան վերահսկելու հայկական նոր ուղղագրության անխախտ կիրառումը Վրաստանի դպրոցներում և տեխնիկումներում: Հեղինակել է գրականության բազմաթիվ դասագրքեր: 1930-ական թվականներին հայկական միջնակարգ դպրոցներում սովորել են այդ դասագրքերով: 1934թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Հրատարակվել են նրա «Մելքոն աղայի սթորիան» (1903թ.), «Մելքոն աղայի վերջաբանությունը» (1904թ.), «Թարոսի վրա» (1904թ.), «Մեր մայրերն ու աղջիկները» (1905թ.), «Հին հունական գրականություն» (1922թ.), «Հայ գրականություն» (հատոր 2, 1926թ.), «Շիրվանզադեի 50-ամյա գրական գործունեության հոբելյանը. 1880-1930» (1930թ.), «Հոմերոս. Շեքսպիր» (1935թ.), «Գրականության հարցեր» (1970թ.) գրքերը: Ռուսերենից թարգմանել է Լեոնիդ Անդրեևի «Ստություն» (1906թ.), Լև Տոլստոյի «Խոստովանություն» (1911թ.) գրքերը: 1937թ. դարձել է ստալինյան ռեպրեսիաների զոհ, անհիմն բռնադատվել է, ապա՝ գնդակահարվել Կարնակիում: