Ծնվել է 1940թ. օգոստոսի 31-ին, Երևանում: 1957թ. ավարտել է Երևանի թիվ 39 միջնակարգ դպրոցը, 1967թ.` Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, 1970թ.` Մոսկվայի Մ.Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի ասպիրանտուրան (գրականության տեսության գծով)։ 1971թ-ից աշխատում է ԵՊՀ-ում` որպես գիտաշխատող, 1973-ից` դասախոս։ 1974թ. «Ռեալիզմի հարցերը 20-րդ դարի հայ քննադատության և գեղագիտության մեջ» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի, 1990թ.` դոկտորի աստիճան (1991թ-ից՝ պրոֆեսոր)։ 1976թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: 1986-2008թթ եղել է ԵՊՀ արտասահմանյան գրականության և գրականության տեսության ամբիոնի վարիչը։ Մասնակցել է միջազգային մի շարք գիտաժողովների, դասախոսություններ կարդացել ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Լիբանանում, Վրաստանում։ 1995-96թթ դասավանդել է Բեյրութի Հայագիտական հիմնարկությունում և Հայկազյան համալսարանում։ Ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով՝ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն և այլն։ Ռուսերեն լույս է տեսել նրա «Խոսքի ուղղությամբ» գիրքը (1985թ.)։ Հրատարակվել են նրա «Անդրադարձումներ» (1977թ.), «Պատկեր և կեսօր» (1980թ.), «Երկրային ժամանակ» (1983թ.), «Այժմ և միշտ» (1987թ.), «Քայլեր և ստվերներ» (1996թ.), «Երեք օր առանց ժամանակի» (2005թ.), «Փողոցի բաժանվող մասում» (2006թ.), «Բանաստեղծություններ» (1-2 հատոր, 2010թ.), «Շարժում դեպի հավասարակշռություն» (2009թ.), «Կանգ առ, ես այստեղ եմ» (2012թ.) բանաստեղծական ժողովածուները, «Եղիշե Չարենցի պոետիկան» (1986թ.), «Հետգրություն» (2001թ.) գրականագիտաան աշխատությունները։ Թարգմանել է Ն.Տիխոնովի «Կավ և կրակ» (գրքի մեջ մտնող գործերի մի մասը, 1976), «Ոսկի Լոտոս» (Հին Արևելքի պոեզիա։ Եգիպտոս, Հնդկաստան, 1980թ.), «20-րդ դարասկզբի ռուսական գրականություն» (ժողովածուի մի մասը, 1982թ.), «Հին արևելքի պոեզիա» (ժողովածուի մի մասը, 1982թ.), «Մեռյալների գիրք» (2004թ.), «Աստվածների ժամանակը» (2007թ.) գրքերը։ 2002-09թթ եղել է «Համատեքստ» տարեգրքի գլխավոր խմբագիրը: 2002թ. արժանացել է ՀԳՄ ոսկե մեդալի, 2004թ.` «Թեքեյան» մշակութային միության «Հայկաշեն Ուզունյան» մրցանակի, 2006թ.՝ ՀՀ նախագահի մրցանակին («Երեք օր առանց ժամանակի» գրքի համար), 2009թ.՝ ՀԳՄ Նիկոլ Աղբալյանի անվան մրցանակի, 2010թ.՝ Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման, 2013թ.՝ ՀՀ նախագահի մրցանակին («Կանգ առ, ես այստեղ եմ» բանաստեղծական ժողովածուի համար):