Zark Foundation

Հենրիկ Մալյան

Հենրիկ Մալյան

Կինոռեժիսոր

30 սեպտեմբեր, 1925 - 14 մարտ, 1988

Ծնվել է Վրաստանի Թելավ քաղաքում: Եղել է դերասան Դավիթ Մալյանի եղբորորդին: Միջնակարգ կրթությունն ստացել է Թիֆլիսում: 1942թ., դպրոցն ավարտելուց հետո, աշխատել է տեղի թիվ 31 գործարանում` որպես փականագործ: 1945-51թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական բաժնում` Լևոն Քալանթարիարվեստանոցում: 1951-53թթ աշխատել է Արտաշատի, Կիրովականի (այժմ` վանաձոր), Կապանի թատրոններում: 1951թ. բեմադրել է Ա.Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն», 1952թ.` Կ.Գոլդոնիի «Վենետիկյան երկվորյակներ», 1953թ.` Հ.Պարոնյանի «Պաղտասար ախպար», Ա.Չեխովի «Արջը» ներկայացումները: 1953թ. սովորել է Մոսկվայի թատերական արվեստի պետական ինստիտուտի ռեժիսորական բարձրագույն դասընթացներում: 1954թ-ից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում, սկզբում` որպես ռեժիսորի ասիստենտ, ապա` ռեժիսոր: 1960թ. Հենրիկ Մարգարյանի հետ համատեղ նկարահանել է «Նվագախմբի տղաները» կինոնկարը: 1961-62թթ «Մոսֆիլմ» կինոստուդիայում ստաժավորում է անցել ռեժիսորներ Կալատոզովի և Բոնդարչուկի մոտ: 1963թ. Լևոն Իսահակյանի հետ համատեղ նկարահանել է «Ճանապարհ դեպի կրկես» կինոնկարը, իսկ 1964թ.` «Կեղծ լրտեսը» կարճամետրաժ ֆիլմը: 1967թ. ստեղծել է «Եռանկյունի» կինոնկարը, որի համար 1975թ. արժանացել է ՀՀ Պետական մրցանակի, իսկ 1968թ. արժանացել է Անդրկովկասի և Ուկրաինայի հանրապետությունների «Մեծ Պրոմեթևս» գլխավոր մրցանակին, ինչպես նաև` Լենինգրադի համամիութենական կինոփառատոնի երկրորդ մրցանակին: 1969թ. նկարահանել է «Մենք ենք, մեր սարերը» կինոնկարը, որը 1976թ. Սան Ռեմոյի միջազգային կինոփառատոնում ճանաչվել է «Տարվա լավագույն հեղինակային ֆիլմ»: 1971թ-ից դասավանդել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետում: 1972թ. նկարահանել է «Հայրիկ» կինոնկարը: 1975թ. նշանակվել է մանկավարժական ինստիտուտի ռեժիսուրայի և դերասանի վարպետության ամբիոնի վարիչ, ապա ստացել պրոֆեսորի կոչում: 1977թ. նկարահանել է «Նահապետ» կինոնկարը և ստացել է դոցենտի գիտական աստիճան: 1980թ. ստեղծել և գլխավորել է «Հայֆիլմ» կինոստուդիային կից կինոդերասանի թատրոն-ստուդիան, ուր բեմադրել է «Հեքիաթներ», «Դեկամերոն», «Իմ անունն Արամ է», «Քաջ Նազար» ներկայացումները: 1981թ. նկարահանել է «Կտոր մը երկինք» կինոնկարը, որը Վիլնյուսի համամիութենական կինոփառատոնում արժանացել է լավագույն ռեժիսուրայի համար սահմանված մրցանակին: Գրել է մի շարք սցենարներ վավերագրական և գեղարվեստական ֆիլմերի համար` «Նահապետը», «Մուսալեռցիները», «Տասնմեկը և մեկը», «Գիքորը» և այլն: Գրել է «Երկխոսություն երրորդի համար» գիրքը: Ռեժիսորի նկարահանած ֆիլմերը ցուցադրվել են Հնդկաստանի, Անգլիայի, Ֆիլիպինների միջազգային կինոփառատոներում: 1971թ. պարգևատրվել է ՀՀ Պատվո նշան շքանշանով: 1967թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 1977թ.` Հայաստանի, 1982թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: