Ծնվել է Թբիլիսիում: 1943-45թթ մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին: 1947-57թթ սովորել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայի գեղանկարի և խեցեգործության ֆակուլտետներում: 1959թ. տեղափոխվել է Երևան: 1961-64թթ դասավանդել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1972թ-ից` գեղարվեստի ակադեմիայում: Սկզբնական շրջանում ստեղծել է մանր խեցեգործական ձևեր` արձանիկներ, կժեր, սկահակներ, սպասքակալներ: Աշխատել է մոնումենտալ-դեկորատիվ խեցեգործության ասպարեզում: 1961թ. 40 խեցեգործական աշխատանքներով ձևավորել է Երևանի Մատենադարանի ինտերիերը (1977թ. Մատենադարանում դրվում են նաև նրա «Գրիչ» և «Ծաղկող» քանդակները): Նրա հայտնի աշխատանքներից են «Երիտասարդական», «Արաքս», «Անի» սրճարանների, «Արարատ» ռեստորանի, Երևանի Գ.Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի ձմեռային այգու և այլ հայտնի վայրերի ձևավորումները: 1957թ-ից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ: Այդ տարիներից մասնակցել է մի շարք հանրապետական և միջազգային ցուցահանդեսների, արժանացել պատվոգրերի, մրցանակների: 1985թ. անհատական ցուցահանես է ունեցել Երևանում: 1967թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 1985թ.` ժողովրդական նկարչի կոչման, 2016թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի: Մահացել է Երևանում: