Ծնվել է Արևմտյան Հայաստանի Սեբաստիա (այժմ՝ Սիվաս) քաղաքում: Եղել է 16-րդ դարի հայ տաղասաց, գրիչ, վկայագիր: Կրթությունն ստացել է հոր՝ Թադևոս քահանայի մոտ: Գրչից մեզ են հասել սիրո երգեր, պատմական պոեմներ, բանաստեղծություններ, բարոյախրատական, ինչպես նաև հոգևոր թեմաներով գրված և տոմարագիտական գործեր, որոնք արտացոլում են հայ ժողովրդի, մասնավորապես Արևմտյան Հայաստանի բնակչության կյանքը, միջնադարյան Հայաստանի քաղաքական անցուդարձերը: 1535թ. ընդօրինակել է Ալեքսանդր Մակեդոնացու պատմությունը: Երկի վերջում եղած հիշատակարանը վկայում է, որ նա իր սիրերգերը, օժտված կյանքի ու բնության նկատմամբ լավատեսությամբ, ստեղծել է 1535թ.: Գրել է նաև 17 տնից բաղկացած մի տաղ, որը նվիրված է Կոճա Սեբաստացուն (տաղի 7 տների ծայրակապն է «Ցովասաբ» բառը):