Zark Foundation

Հովհաննես Աբելյան

Հովհաննես Աբելյան

Դերասան

23 հոկտեմբեր, 1865 - 1 հուլիս, 1936

Ծնվել է Շամախիում: Նախնական կրթությունն ստացել է տեղում, ապա սովորել Բաքվում, նախ` ծխական դպրոցում, հետո` ռոսական ռեալական ուսումնարանում: Մասնակցել է աշակերտական ներկայացումներին և Ստեփան Սաֆրազյանի խմբի հյուրախաղերին (1880թ.): Բեմական պրոֆեսիոնալ գործունեությունն սկսել է 1882թ., Բաքվում, անտրեպրենյոր Ա.Գոնչարովի ռուսական խմբում` որպես բեմահարդար, նան դերասան` դրամատիկական և օպերետային ներկայացումներում: 1886թ. ընդունվել է Թիֆլիսի «Հայոց դրամատիկական ակումբի» խումբը, դիմախաղի, ձայնի առոգանության դասեր առել Պետրոս Ադամյանից: Խմբի կազմալուծման պատճառով վերադարձել է Բաքու, 1887-91թթ խաղացել հայկական և ռուսական ներկայացումներում: 1891թ-ից հանդես է եկել հայկական թատրոնում` Թիֆլիսում, Բաքվում և այլուր: 1895թ. հիմնել է Թիֆլիսի «Հայոց դերասանական ընկերություն»-ը: 1901-05թթ Գ.Պետրոսյանի հետ վարել է Թիֆլիսի մշտական թատերախումբը (1905թ-ից` նաև ռեժիսոր): 1908թ. Արմեն Արմենյանի հետ կազմակերպել է Աբելյան-Արմենյան թատերախումբը: 1912թ. մասնակցել է հայ թատրոնի հյուրախաղերին Մոսկվայում և Պետերբուրգում, 1913թ. կազմել նոր խումբ, ելույթներ ունեցել Իրանում, Միջին Ասիայում: 1917թ. ընտրվել է «Հայ դրամատիկ դերասանների միության» (Թիֆլիս) նախագահ: 1920թ. մեկնել է արտասահման: 1921-25թ. տեղական խմբերի հետ ներկայացումներ է տվել Կ.Պոլսում, Զմյուռնիայում, Կահիրեում, Ալեքսանդրիայում, Բեռլինում («Օթելլո»` հայերեն, «Ցենտրալ» թատրոնի գերմանական խմբի հետ), Փարիզում, Բրյուսելում, Լոնդոնում, Նյու Յորքում, Դետրոյտում, Չիկագոյում, Բոստոնում, Ֆիլադելֆիայում: 1925թ. Սովետական Հայաստանի կառավարության հրավերով վերադարձել է Երևան, ընդունվել Առաջին պետթատրոն (այժմ` Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն): 1926թ-ից վերսկսել է շրջագայությունները Կովկասում, Ռուսաստանի հարավում, Միջին Ասիայում: 1927-28թթ աշխատել է Բաքվի հայկական թատրոնում, մասնակցել նաև ադրբեջանական թատրոնի ներկայացումներին` Ա.Շիրվանզադեի «Նամուս», Ջ.Ջաբարլիի «Սևիլ» և այլն: Պ.Ադամյանի մահից հետո, տասնամյակներ շարունակ եղել է հայ թատրոնի կորիֆեյը և իր անհատականությամբ, ռեալիստական արվեստով ազդել բեմարվեստի ազգային ոճի ձևավորման վրա: Բեմական գործունեության 54 տարիների ընթացքում կատարել է շուրջ 500 դեր, եղել է Ա.Շիրվանզադեի կերպարների` Էլիզբարովի («Պատվի համար», 1905թ.), Ռուստամի, ավելի ուշ` Բարխուդարի («Նամուս», 1911թ.), Գիժ Դանիելի («Չար ոգի», 1912թ.) չգերազանցված մարմնավորողը: Խաղացած ներկայացումներից են նաև` Հ.Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» (Աբիսողոմ աղա, 1894թ.), «Պաղտասար աղբար» (Պաղտասար, 1897թ.), Գ.Սունդուկյանի «Էլի մեկ զոհ» (Միքայել, 1886թ.), «Պեպո» (Պեպո, 1889թ.), Լ.Շանթի «Հին աստվածներ» (Վանահայր, 1913թ.), «Կայսր» (Նիկիֆոր, 1919թ.), Ն.Գոգոլի «Ռևիզոր» (Օսիպ, 1898թ.), Ա. Օստրովսկու «Եկամտա բեր պաշտոն» (Ժադով, ավելի ուշ` Ցուսով, 1892թ.), «Անմեղ մեղավորներ» (Նեզնամով, 1898թ.), «Անտառ» (Նեսչաստլիվցև, 1903թ.), Ջակոմետտի «Ոճրագործի ընտանիքը» (Կորրադո, 1893թ.), Հ.Իբսենի «Ժողովրդի թշնամին» (Շտոկման, 1895թ.), Գ.Գեի «Տրիլբի» (Սվենգալի), Վ.Շեքսպիրի «Օթելլո» (Օթելլո, 1896թ.), «Լիր արքա» (Լիր, 1911թ.), «Անսանձի սանձահարումը» (Պետրուչչիո, 1897թ.), Սումբատով-Յուժինի «Դավաճանություն» (Օթար բեկ, 1905թ.), Շիլլերի «Ավազակներ» (Կարլ Մոոր, 1893թ.), Ջ.Ջաբարլիի «Սևիլ» (Աթա Քիշ, 1929թ.), Լավրենյովի «Բեկում» (Բերսենև, 1930թ.), Վ.Վաղարշյանի «Օղակում» (Ասլան ամի, 1931թ.), Մ.Գորկու «Եգոր Բուլըչովը և ուրիշները» (Եգոր Բուլըչով, 1933թ.), Դ.Դեմիրճյանի«Քաջ Նազար» (Քաջ Նազար, 1934թ.), Մ.Ջանանի «Շահնամե» (Խոջա Մուբարեք, 1935թ.) և այլն: 1925թ. նկարահանվել է «Նամուս» ֆիլմում (Բարխուդար): Եղել է ժողովուրդների բարեկամության ջատագով: Վ.Գունիայի, Ն.Գարոնիա-Ցագարելու, Կ.Ղիփիանու, Կ.Մեսխու, Վ.Աբաշիձեի, Լ.Ալեքսի-Մեսխիշվիլու, Հ.Արաբլինսկու, Մ.Ալիևի, Ա.Շարիֆզադեի հետ նրա բարեկամությունը նպաստել է վրացական, ադրբեջանական և հայ թատրոնների կապերի փոխադարձ ամրապնդմանը, ազգային բեմերի գոյատևմանը: Վ.Աբաշիձեի հետ ստորագրել է հայ-վրացական թատրոնի շենք կառուցելու կոչը: Շուշիում բնակվող ադրբեջանցի սիրող դերասանների խմբով, ադրբեջանական թատրոնի պատմության մեջ առաջին անգամ, բեմադրել է «Օթելլո»-ն (1904թ.): 1913թ. Թեհրանում տված ներկայացումների առթիվ Իրանի շահը նրան պարգևատրել է Առյուծի և Արևի առաջին աստիճանի շքանշանով: Արժանացել է մի շարք մրցանակների, պարգևների, 1932թ.` Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում, թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում: Աբելյանի անունով են կոչվել Վանաձորի դրամատիկական թատրոնը և փողոց Երևանում: