Եղել է հայ միջնադարյան գրավոր մշակույթի նշանավոր գործիչներից, մանկավարժ-րաբունապետ, գրչության և մանրանկարչության արվեստների հովանավոր, Կոստանդին արքահոր կրտսեր որդին, ծնված նրա Բեատրիչե կնոջից, ուստի Հեթում Ա թագավորի համահայր (բայց ոչ համամայր) կրտսեր եղբայրը, որից էլ՝ «Արքաեղբայր» մականունը: Մկրտության անունը՝ Պաղտին: Սովորել է Դրազարկի դպրոցում, իր եղբոր՝ տեղի առաջնորդ և հայտնի փիլիսոփա-երաժիշտ Բարսեղի և այլ րաբունապետների մոտ: 1259թ. նշանակվել է Մոլևոնի և Բարձրբերդի գավառների հոգևոր առաջնորդ-արքեպիսկոպոս, հիմնադրել Դռների գրչության դպրոցը և դարձել նրա րաբունապետը: Դռների և Ակների դպրոցները նրա աշակերտների շնորհիվ դարձել են Կիլիկիայի մշակութային խոշոր կենտրոններից՝ Հռոմկլայի, Սկևռայի և Դրազարկի դպրոցների հետ: Ի տարբերություն մյուսների, այստեղ նրա մասնակցությամբ կատարվել են թարգմանություններ, հնագույն ձեռագրերի վերծանություններ և սրբագրություններ: Մեծ ուշադրություն է դարձրել գրքի գեղարվեստական ձևավորմանը: Նրա «դպրոցի» մանրանկարիչները մշակել են մի ոճ, որին բնորոշ է մարդկային մարմնի համաչափությունների ճիշտ վերարտադրությունը, կատարման յուրահատուկ գրաֆիկական տեխնիկայի կիրառումը: Նրա «դպրոցը» սերտ կապերի մեջ է եղել Գլաձորի համալսարանի հետ, իսկ նրա աշակերտները բարձրագույն կրթություն են ստացել Գլաձորում, ձեռագրեր փոխանակել: Մանկավարժի սաներից են՝ նշանավոր գրիչ և մանրանկարիչ Գրիգոր Պիծակը, գրիչ, մանրանկարիչ և որմնանկարիչ Ստեփանոս Վահկացին, Կոստանդին, Բարսեղ գրիչները: Նրա հանձնարարությամբ Գևորգ Սկևռացինկատարել է մի քանի մեկնություններ: Որպես գրիչ (1272թ., 1287թ. և 1289թ. գրված ավետարանները), մասնակցել է մի շարք ընդօրինակությունների և միագույն զարդարել իր գրած ձեռագրերը: Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանում նրանից պահպանվել են իր ձեռքով գրած և ստացած շուրջ երկու տասնյակ ձեռագրեր: