Ծնվել է Եվդոկիայում (Թուրքիա): 1889թ., Հմայակ Գասարճյանի հետ, լույս է ընծայել «Գաղտնիք և արուեստ մոգութեան», իսկ 1899թ. գրել է «Եվդոկիո հայոց գավառաբարբառը», որը արժանացել է Իզմիրյան մրցանակի։ Լայն գործունեություն է ծավալել հայոց լեզվի դասագրքերի հրատարակության գործում՝ ըստ դասընթացների շոշափելով հնչյունաբանության, բառագիտության և այլ հարցեր։ 1909թ., օգտվելով արտասահմանցի մասնագետների աշխատություններից, գրել է «Մագնիսականութիւն եւ ոգեհարցութիւն» գիրքը, որում արծարծված են ենթագիտակցության, ինքնաթելադրության, հոգեբուժության, մագնիսականության, կամքի ուժի, քնածության կամ մագնիսական քնի, հստակատեսության, մտածումների փոխանցման, հեռակրության, ոգեհարցության, մեդիումության և այլ հարցերը։ Ետմահու լույս է տեսել նրա «Պատմություն հայ գրականության» (հ.1-2, 1970թ., սկզբից մինչև մեր օրերը) աշխատությունը, որտեղ հակիրճ նկարագրել է հայ գրականության անցած ուղին։ Դարձել է Հայոց ցեղասպանության (1915թ.) զոհ, սպանվել Եվդոկիայում։