Zark Foundation

Հովհաննես Երզնկացի

Հովհաննես Երզնկացի

Փիլիսոփա, մատենագիր, արվեստաբան, տաղերգու

31 մայիս, 1230 - 8 օգոստոս, 1293

Ծնվել է Մեծ Հայքի Եկեղյաց գավառում: Սերել է իշխանական տոհմից: Նրան տրվել է «Պլուզ» մականունը, հավանաբար, կարճահասակության համար։ Սովորել է Երզնկայի դպրատներում (մասնավորապես Սբ. Մինասի անապատում), հետագայում աշակերտել է Վարդան Արևելցուն: 1268թ. ստացել է վարդապետական աստիճան: 1270-80թթ շրջել, ուսուցանել, գիտական մատչելի ճառեր ու քարոզներ է կարդացել ոչ միայն Մայր, այլև Կիլիկյան Հայաստանում, Երուսաղեմում, Տփղիսում (այժմ՝ Թբիլիսի), մասնակցել է ազգապահպանման և հայկական պետականության ամրապնդման համար մղվող պայքարին: Գրել է հասարակական ու եկեղեցական հատուկ կանոններ ընդդեմ ունիթորության, 1280թ. եղել է Երզնկայի աշխատավորական շերտերից կազմավորված «Եղբայրութեան» հոգևոր ղեկավարը, նրանց համար գրել «Սահման և կանոնք...»: Մեծարվել է «սուրբ և իմաստուն», «անյաղթ», «բանիբուն և աշխարհալոյս վարդապետ», «Քաղցրիկ», «Քաղցրաձայն», «Պիւլպիւլ» անուններով, նկարներում պատկերվել լուսապսակով: Ինքն ընդօրինակել է և ընդօրինակել է տվել բազմաթիվ գրական, փիլիսոփայական, աստվածաբանական և այլ բնույթի գրքեր, կազմել է տվել ժողովածուներ, Երզնկայի վանքերում ստեղծել 4-5 գրադարան: Նրա ստեղծագործությունը հայ միջնադարի գրականության զարթոնքի, գիտության ու արվեստների վերածնության արտահայտությունն է: Մեզ են հասել նրա ավելի քան 100 չափածո և արձակ գործեր (արձակի զգալի մասն ամփոփված է առանձին ժողովածուներում, որոնցից են Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանի ձեռագրերը): Հեղինակը ձգտել է գիտականորեն բացատրել բնական, հասարակական երևույթները, դրանց առաջացման, զարգացման ու գոյության օրինաչափությունները: Արժեքավոր են նրա աշխարհի ճանաչման մատերիալիստական ըմբռնումները: Նրա կարծիքով, տիեզերքը, բնությունն իր բազմազանության մեջ (ներառյալ նաև մարդու ստեղծածը) բաղկացած է չորս տեսակ նյութից: Առաջինից սկիզբ է առնում աշխարհը, երկրորդից՝ աստղերը և երկնային այլ մարմիններ, երրորդը չորս տարրերն են, որոնցից բաղկացած են բույսերն ու կենդանիները, երկրի ընդերքում գտնվող հանքերը և, ընդհանրապես, ողջ երկիրը, չորրորդը «արհեստից նիւթն է», ինչպես «փայտ հիւսան, երկաթն դարբնի»: Նյութը տեսակների բաժանելով, նա ընդունում է ստեղծագործության երեք եղանակ՝ արարչական, բնական և մարդկային: Գտնում է, որ չորս տարրերը, զանազան համամասնությամբ միախառնվելով, առաջացնում են նոր բաղադրություն, որի մեջ այլևս չի երևում առանձին տարրը: Ըստ նրա, այդ պրոցեսը տեղի է ունենում ոչ թե որևէ գերբնական ուժի միջամտությամբ, այլ «յաղագս նրբութեանն բնութեան», բնությունն իր վիճակը պահպանում է ոչնչացման միջոցով, ոչնչացումը՝ «ապականութիւնն», պայման է առաջացման համար: Այս իմաստով, ըստ նրա, ապականություն և փոփոխություն հասկացությունները նույնական են: Պարզորոշ արտահայտել է նյութի պահպանման գաղափարը. նյութը երբեք չի ոչնչանում, նա փոխում է միայն իր գոյաձևը, տեսակը: Շարժումը, փոփոխությունը տեղի են ունենում ժամանակի մեջ, որի գոյությունը նա պայմանավորում է երկրի շուրջը երկնքի, պտույտով: Շարժման և հարափոխության հետևանք է համարում նաև ծնունդն ու մահը: Ըստ նրա, մահը ոչ թե հոգու բացակայությունն է, այլ մարմնի՝ նյութի քայքայումը: Կյանքի և գոյության հիմքը շարժումն է: Նրա իմացաբանական հայացքները կապված են հոգու մասին նրա ըմբռնումների հետ: Գիտելիքներն, ըստ նրա, բաժանվում են երեք բնագավառի՝ աստվածաբանական, բնաբանական (բնության մասին) և ուսումնական (մաթեմատիկական), որոնցից յուրաքանչյուրը տարբեր եղանակներով է ձեռք բերվում: Առաջինը տրվում է սոսկ բանականությամբ և հավատով, առանց զգայարանների միջամտության, քանի որ նրա առարկան աննյութական է, երկրորդը՝ նախ և առաջ զգայարանների միջոցով, երրորդի բովանդակության մի մասը զգայական ընկալման արդյունք է, մյուսը՝ սոսկ բանականության: Գտնում է, որ մարդու հոգին չունի բնածին գիտելիք և բարոյական հատկանիշ: Միտքը խոպան հողի է նման, «որ ինչ սերմանեն զայն պտղաբերէ»: Նա մերժում է աշխարհի ճանաչելիությունը կասկածի ենթարկող ուսմունքները և պնդում է, որ հինգ զգայարանները բավական են աշխարհի բոլոր իրողությունների մասին գաղափար կազմելու համար: Միտքը նա նմանեցնում է դատավորի, որը, ընդունելով արտաքին աշխարհից զգայարանների միջոցով ներս թափանցող տվյալները, դրանց «ներտրամադրական» մշակման հիման վրա անում է դատողություններ: Ուսումնասիրել է նաև բժշկությունն ու դեղագործությունը, գաղափար է տվել մարմնի և ուղեղի կառուցվածքի ու գործունեության, ներքին օրգանների, մկանների, արյան շրջանառության, հինգ զգայարանների մասին: Ուղեղի կառուցվածքի և գործունեության հարցում համամիտ է եղել Հիպոկրատի և Դալենի հայացքներին, նա ուղեղը դիտել է որպես մտածողության և զգացողության կենտրոն, գտել, որ արտաքին աշխարհի տպավորությունները զգայարաններով հասնում են ուղեղին (ըստ Արիստոտելի՝ սրտին), հարստացնում ու զարգացնում միտքը: Նա մարդու հոգեկան երևույթները բացատրում է մարմնում կատարվող նյութական փոփոխություններով և արտաքին ազդակներով, ընդգծում հոգու սերտ կապը նյութականի հետ, անհրաժեշտ համարում նախ ճանաչել մարմինը, ապա՝ հոգևոր աշխարհը և հետո՝ գործը: Արժեքավոր են միջնադարյան Հայաստանում ուսուցողական նպատակով դիահերձումների ազատության մասին նրա վկայությունները և տիեզերագիտական հայացքները, նա գիտական բացատրություններ ու տեղեկություններ է տվել երկնային մարմինների, բնական երևույթների, Արկտիկայի, բևեռի, օր ու գիշեր վեցամսյա տևողության վերաբերյալ և այլն: Եղել է զարգացած ֆեոդալիզմի ժամանակաշրջանի հայ փիլիսոփայության բնագիտական ուղղության ամենախոշոր ու ցայտուն ներկայացուցիչը: Հետագա դարերի հայ մտածողները (Կիրակոս Երզնկացի, Հովհաննես Ծործորեցի, Գրիգոր Տաթևացի և ուրիշներ) իրենց բնափիլիսոփայական շատ գաղափարների ձևակերպումներն արդեն ունեին հանձին նրա: Եղել է նաև նշանավոր քերական: Երկար տարիներ դասավանդել է Կիլիկիայի կաթողիկոսական վարդապետարանում և Երզնկայի դպրոցներում, ուսումնասիրել իրենից առաջ եղած հայ և օտար քերականներին, 1291թ. ավարտել «Հաւաքումն մեկնութեան քերականին» աշխատությունը: Հայ բանասիրության, մասնավորապես՝ քերականագիտության պատմության համար առանձնապես կարևոր են նրա Գրքի լուսանցքների աղբյուրագիտական նշումները, որոնք նյութեր են պարունակում Դավիթ Անհաղթի, Անանուն Մեկնիչի, Ստեփանոս Սյունեցու, Համամ Արևելցու և այլոց անհետ կորած քերականական մեկնությունների մասին: Այն սկզբնաղբյուրի արժեք է ունեցել քերական-մեկնիչներ Վարդան Արևելցու, Եսայի Նչեցու, Հովհաննես Քռնեցու, Առաքել Սյունեցու և այլոց համար: Երկում կան գրական ժանրերի (տաղ, ողբերգություն, դյուցազներգություն, կատակերգություն, դամբանական, զրույց, առասպել, պատմություն և այլն) սահմանումներ, հոգևոր ու աշխարհիկ երաժշտական հասկացությունների բնութագրումներ, տվյալներ Հոմերոսի կենսագրությունից, հատվածներ «Իլիական»-ից ու «Ոդիսական»-ից և այլն: Այս աշխատությունը երկար ժամանակ ծառայել է որպես քերականական գիտելիքների հիմնական ձեռնարկ և միջնադարի հայ դպրության ամփոփումն է: Կանխելով արևելյան և արևմտյան մի շարք հեղինակավոր մտածողների, նա երաժշտարվեստը համարել է մարդկային իմացության ձևերից մեկը, որ անմիջաբար կապված է «լսողական», այսինքն՝ ձայնային աշխարհի հետ: Նորովի է բացահայտել մարդու հոգու և մարմնի վրա երաժշտության ներգործության ուժի մասին հինավուրց դրույթները, տեսականորեն հիմնավորել միջնադարյան Հայաստանում երաժշտարվեստի օգնությամբ հիվանդներ բուժելու տարածված փորձը: Արտահայտելով աշխարհիկ երգ-երաժշտության նկատմամբ հայ եկեղեցու պաշտոնական նոր վերաբերմունքը և լրացնելով Դավիթ Քերականի մտքերը երաժշտարվեստի եռակի բաժանման մասին՝ երաժշտարվեստը բաժանել է երկու տեսակի՝ «աստվածային», որ կատարվում է տաճարներում, և «մարդկային», որ կատարվում է «ուրախական» հանդեսներում, խրախճական ժողովներում: Նա մի ամբողջ ուսմունք է ստեղծել երաժշտի գիտակցության մեջ ծագող «անմարմին» ելևէջների ու կատարման ընթացքում մարմնավորող «մեծ և փոքր», «ծանր և թեթև», «սուր և բութ», «սուղ և երկար» և այլ ձայների մասին: Նրան հետաքրքրել է նաև ձայնի՝ որպես ֆիզիկական երևույթի, տեսակների ու երաժշտական ձայնի տարբերիչ հատկանիշների հարցը: Խորացնելով այդ մասին դեռևս Դավիթ Անհաղթից եկող մտքերը՝ կազմել է ձայների տեսակների՝ միջնադարյան չափանիշներով հարուստ մի աղյուսակ, որտեղ արդեն պատշաճ տեղ է գրավում նաև «չափ» ու «կշիռով» աչքի ընկնող «արուեստաւոր» (այն է՝ երաժշտական) ձայնը: Նա մի կողմից խորացրել է տաղային արվեստի աշխարհականացման ընթացքը, մյուս կողմից՝ կարևոր ավանդ մուծել հոգևոր երաժշտության զարգացման մեջ: Շարականներ է նվիրել Գրիգոր Լուսավորչի և Ներսես Մեծի հիշատակներին, դրանց զուտ աղոթական հատվածներում շարադրել ազգային-հասարակական առումով էական մաղթանքներ ու խնդրվածքներ: Օժտված է եղել երգչային գեղեցիկ ձայնով և կատարողական շնորհքով: Եղել է նշանավոր մանկավարժ. մշակել է դաստիարակչական մեթոդներ՝ հաշվի առնելով մարդու (հատկապես երեխայի) ֆիզիոլոգիան, հոգեբանությունն ու տարիքային առանձնահատկությունները, ինչպես նաև սոցիալական պայմաններն ու միջավայրը: Ըստ նրա՝ երեխայի դաստիարակությունը պետք է սկսել մանուկ հասակից՝ նախ ընտանիքում, ապա՝ դպրոցում: Արժեքավոր են ժամանակի հասարակական, քաղաքական անցուդարձերին, սոցիալ-տնտեսական հարաբերություններին, երկրի կառավարման համակարգին, բարքերին, ծեսերին, հավատալիքներին, կենցաղին վերաբերող նրա հարուստ տեղեկություններն ու հայացքները: Եղել է նաև մեծ բանաստեղծ, կրոնական, աշխարհիկ, գիտական բազմաթիվ տաղերի, քառյակների, ողբերի, շարականների ու մեղեդիների հեղինակ: Դրանք բացահայտում են տաղերգուի գաղափարներն ու հուզաշխարհը, մարդկային մտքի խորությունն ու ներհակությունը, զգացումների բազմերանգությունը, կյանքի ու բնության մեծ սերը, մարդասիրությունը, ծնողասիրությունը, որդեսիրությունը՝ հոգեկան, բանական, հասարակական ու պատմական երևույթների փիլիսոփայական վերլուծական մոտեցմամբ: Շարականներն առանձնապես արժեքավոր են պատմական բնույթով, հայրենասիրական գաղափարներով, բնապատկերների ու ներաշխարհի բացահայտման վարպետությամբ, քնարական շնչով: Հայրեններն աշխարհի խոհափիլիսոփայական արտացոլումն են, հոգու և մարմնի հավիտենական պայքարի մասին հեղինակի մտորումները: Դրանք կենսասիրության և իմաստության փառաբանումն են, հեղինակի անձնական խորհրդածություններն ու հույզերը: Նրա չափածոն նաև խրատ է ուսման, գիտության, ընտանիքը, կենցաղն ու բարքերը բարեկրթելու: Եղել է համեմատությունների, պատկերավորության, երաժշտականության վարպետ, նրա երկերը՝ լեզվի պարզության, մատչելիության, գեղեցկության ու հարստության օրինակ: Նրա գիտական գործերի հիմնական մասն ու ներբողները հնչում են որպես արձակ բանաստեղծություններ: Նրա գործերն ընդօրինակվել են հարյուրավոր ձեռագրերում: Մահացել է Կիլիկիայի Ակների վանքում (շիրիմը գտնվում է Երզնկայի Սբ. Նշան եկեղեցու առաջնորդական աթոռի տակ):