Zark Foundation

Հովհաննես Թլկուրանցի

Հովհաննես Թլկուրանցի

Բանաստեղծ

14-15-րդ դար

Ծնվել է Միջագետքի Թլկուրան ավանում (Կիլիկիայի մոտ), ապրել ու ստեղծագործել է 14-րդ դարի 2-րդ և 15-րդ դարի 1-ին կեսերին: Գրել է տաղեր և ինքն էլ եղանակավորել ու երգել դրանք: Նրանից մեզ են հասել սիրո և բնության, խրատական-բարոյախոսական, վիպական տաղեր և կրոնավան ոտանավորներ: Նրա ստեղծագործությունն իր էական մասով անմիջական շարունակությունը, հետագա ծավալումն ու խորացումն է կյանքի ու գրականության մեջ դեռևս 10-րդ դարին սկիզբ առած աշխարհականացման ոգու և արվեստի: Բնության և սիրո տաղերում, ի տարբերություն իր նախորդ բանաստեղծների (Գրիգոր Նարեկացի, Կոստանդին Երզնկացի), նա երգում ու փառաբանում է սերն ու բնությունը առանց այլաբանության: Նրա պոեզիան սիրո քնարերգության իրավունքի հիմնավորումն ու պաշտպանությունն էր: Կինը բանաստեղծի համար սիրո մարմնացում է, մի զորություն, որ «հրով այրէ զերկիր ամեն», «ի յետ բերէ զելած հոգին»: Բայց նա սիրո աղբյուր է գերազանցապես արտաքինով, ֆիզիկական գեղեցկությամբ: Ինչպես միջնադարյան բոլոր բանաստեղծների, այնպես էլ նրա տաղերում կնոջ հոգեբանության դրսևորում չենք գտնում: Սակայն ցանկական հույզը չէ, որ երգում է նա: Սիրո երգը նրա ստեղծագործության մեջ ներհյուսված է բնության երգին: Որպես այդպիսին «Տաղ գարնան» քերթվածը լավագույններից է հայ գրականության մեջ: Այստեղ բնությունը երգվում է իր ամբողջության, շարժման, լինելության ու մահացման մեջ: Սակայն մի կողմից՝ հանդերձյալ կյանքի, մեղքերի քավության, կնոջ ու սիրո մեղանչական լինելու գաղաւիարները, մյուս կողմից՝ աշխարհի ու բնության գեղեցկությունները, սիրել-սիրվելու ձգտումները, ինչպես միջնադարյան տաղերգուների, այնպես էլ նրա մեջ առաջացնում են երկվություն, հոգու և մարմնի փոխհարաբերության, հոգուն, թե մարմնին առաջնություն տալու հարցում: Այս հակասությունն առավելապես զգացվում է նրա խրատական-բարոյախոսական տաղերում: Քնարերգուի մի քանի տաղեր նվիրված են մահվան խնդրին: Մահվան ուրվականը թեև սարսափեցնում է տաղերգուին, բայց, ի տարբերություն միջնադարում տիրապետող աշխարհայեցության, նա չի քարոզում մարմինը մեռցնելու գաղափարը, չի մխիթարում ու մխիթարվում հանդերձյալ կյանքով: Նրա խրատական-բարոյախոսական տաղերից մեկը նվիրված է արբեցությանն ու նրա վատ հետևանքներին: Ուշագրավ են ևս երկուսը, որոնք ունեն սոցիալական բովանդակություն: Դրանցից մեկում, «Վասն քահանայից և առաջնորդաց ասացեալ» վերնագրով, հեղինակը ձաղկում է հոգևոր առաջնորդներին, որոնք խրատում են, բայց իրենք «ի յամէն խրատէ դուրս» են: Երկրորդում («Իմ սիրտ, լսէ՛ւ ականջ արա») բանաստեղծը հոռետեսական տրամադրությամբ է խոսում մարդկային փոխհարաբերությունների մասին, հիասթափված է իր շրջապատից: Նրա հոռետեսությունը, սակայն, անձնական չէ, այլ՝ ընդհանրական և ունի սոցիալական բովանդակություն: Միջնադարյան հայ տաղերգության մեջ բացառիկ տեղ ունեն նրա վիպական տաղերը: Նա առաջին հայ տաղերգուն է, որ մշակել է ժողովրդական բանահյուսությունից քաղված թեմաներ: Այդպիսիք են Կիլիկյան հայ զորավար Լիպարիտին, Գրիգոր Նարեկացուն և Ալեքսիանոսին նվիրված ստեղծագործությունները: Նրա ստեղծագործություններն աչքի են ընկնում բանաստեղծական արվեստով: Հատկանշական է ժողովրդական բանահյուսությանը հատուկ արտահայտչական ձևերի ու պատկերների օգտագործումը: Նրա ստեղծագործությամբ հայ տաղերգությունը ձերբազատվում է միջնադարյան մռայլից, հավաստում աշխարհիկ ոգու հաղթանակը քնարերգության մեջ: Բանաստեղծի մի շարք տաղեր թարգմանվել են ռուսերեն և ֆրանսերեն: