Zark Foundation

Հովհաննես Թումանյան

Հովհաննես Թումանյան

Բանաստեղծ, արձակագիր

19 փետրվար, 1869 - 23 մարտ, 1923

Ծնվել է Հայաստանի Դսեղ գյուղում (այժմ՝ ՀՀ Լոռու մարզում): Տարրական կրթությունն ստացել է հայրենի գյուղում: 1879-83թթ սովորել է Ջալալօղլի գյուղի (այժմ՝ ՀՀ Ստեփանավան քաղաք) ծխական դպրոցում: 1883թ-ից բնակություն է հաստատել Թիֆլիսում: 1883-87թթ սովորել է տեղի Ներսիսյան դպրոցում: Դպրոցի լրիվ դասընթացը չավարտած, աշխատանքի է անցել Թիֆլիսի հայոց հոգևոր կոնսիստորիայում, ապա՝ Կովկասի հայոց հրատարակչական ընկերության գրասենյակում: 1893թ-ից զբաղվել է գրական աշխատանքով և հասարակական գործունեությամբ: Սկսել է ստեղծագործել 1880-ական թվականների կեսերից: ժողովրդական մոտիվներով երգերից ու ավանդություններից բացի, գրել է ազգային-հայրենասիրական բանաստեղծություններ՝ Ղևոնդ Ալիշանի և Ռափայել Պատկանյանիակնհայտ ազդեցությամբ: Որպես բանաստեղծ հայտնի է դարձել հաջորդ տասնամյակի սկզբին, երբ լույս է տեսել նրա երկու ժողովածուները («Բանաստեղծություններ», 1890թ., 1892թ.): Այդ և հետագա տարիներին աշխատակցել է «Աղբյուր», «Մուրճ», «Հասկեր», «Հորիզոն» և այլ պարբերականների: Գրողի մուտքը գրականություն համընկել է հայ մշակույթի շրջադարձային փուլերից մեկի հետ: Դարավերջին գրականության առաջնահերթ խնդիրն էր դարձել ժողովրդի կյանքի, սոցիալական և ազգային ձգտումների ճշմարտացի պատկերումը , ժողովրդական ստեղծագործության համակողմանի օգտագործումը: Գրողը եղել է դրա խոշորագույն կրողն ու մարմնավորողը, ով դեռ գրական գործունեության արշալույսին հռչակել է «դեպի բնությունը, դեպի ժողովուրդը, հայոց գրողնե՝ր» սկզբունքը: Նա ճշմարիտ ժողովրդային էր համարում միայն այն գրականությունը, որի մեջ տեսնում էր «ազգային ոգի, վիշտ, ուրախություն, սովորություն, զգացմունք»: Արդեն 1890-ական թվականներին հրատարակված նրա պոեմների, բանաստեղծությունների և բալլադների մեջ լայնորեն պատկերված են հայ իրականությանը, մասնավորապես, հայ գյուղին բնորոշ սոցիալ-հոգեբանական կոնֆլիկտները, օգտագործված են նրա բանահյուսության ավանդույթները: Գրողի այդ շրջանի ստեղծագործությունը, ընդհանուր առմամբ, զարգանում էր ռեալիզմի հունով: Բայց երիտասարդ բանաստեղծի ոճի մեջ կային ռոմանտիզմի ազդեցության հետքեր: Դա մասնավորապես վերաբերում է վաղ շրջանի պոեմներին («Մեհրի», «Ալեք», «Մերժած օրենք», «Անուշ»-ի առաջին տարբերակը, 1890թ.), որոնց հերոսները հաճախ բնորոշվում են ռոմանտիկական բացառիկությամբ ու խորհրդավորությամբ: Նրա ստեղծագործական հասունության, ռեալիզմի և ժողովրդայնության ամենաբարձր փուլն սկսվում է 20-րդ դարի առաջին տարիներից: 1901-03թթ նա արմատապես վերամշակել է և նորից գրել նահապետական հայ գյուղի կյանքը պատկերող «Անուշ», «Լոռեցի Սաքոն», «Մարոն» պոեմները: Դարասկզբին են գրվել կամ առաջին անգամ հրատարակվել նրա էպիկական պոեզիայի մյուս նշանավոր երկերը՝ «Սասունցի Դավիթը», «Թմկաբերդի առումը», «Պոետն ու Մուսան», «Դեպի Անհունը», «Հին կռիվը» պոեմները, բազմաթիվ բալլադներ ու բանաստեղծություններ: Այդ երկերի մեծ մասը հավաքվել է 1903թ. Թիֆլիսում հրատարակված ժողովածուի մեջ, որը եղավ նրա դասական վարպետության առաջին ամբողջական արտահայտությունը: Գրողը, ամենից առաջ, էպիկ բանաստեղծ է: Նրա ստեղծագործական սկզբունքներն առավել ցայտուն երևան են եկել պոեմներում ու բալլադներում, որոնք այդ ժանրերի մեջ նախահոկտեմբերյան հայկական գրականության ամենաբարձր նվաճումն են: «Հառաչանք» պոեմում, որը գրողը հղացել է 1880-ական թվականներին, պատկերված են գյուղացիական զանգվածների տարերային բողոքն ու պայքարը ֆեոդալական և կապիտալիստական ճնշման դեմ, ժողովրդի՝ սոցիալական արդարության ու հավասարության երազանքը: Պոեմը մեզ հասել է անավարտ վիճակում. 1893թ. և 1914թ. մամուլում տպագրվել են դրա միայն երկու մասերը, իսկ մյուսները կորել են 1909թ. ժանդարմական վարչության խուզարկության ժամանակ: «Լոռեցի Սաքոն», «Մարոն» և, հատկապես, «Անուշ» պոեմներում նկարագրված է հայ նահապետական գյուղն իր սովորույթներով, պատկերացումներով, սոցիալ-կենցաղային հակասություններով: Միաժամանակ գրողը ժողովրդական կյանքի տարերքում տեսնում է շատ բանաստեղծական ու գեղեցիկ բան՝ ազնվություն, անձնազոհություն, հոգու հարստություն, որոնք հակադրվում են բուրժուական աշխարհի հակահումանիստական սկզբունքներին: Այս ամենի մեջ դրսևորվել է նրա արմատական դեմոկրատիզմը: «Անուշ» պոեմը հայ գրականության ամենասիրված երկերից է: Այդ պոեմի հիման վրա է ստեղծվել Ա.Տիգրանյանի համանուն օպերան (1912թ.): «Թմկաբերդի առումը» պոեմը գրական հիմք է ծառայել Ա.Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի համար (1920-ական թթ): 1894թ. հեղինակը գրել է «Դեպի Անհունը» պոեմը, որտեղ քննվում են կեցության հավերժական գաղտնիքները, կյանքի ու մահվան առեղծվածը: «Պոետն ու Մուսան» պոեմում ծաղրվում է գռեհիկ բուրժուական հայացքը ստեղծագործական աշխատանքի, գրողի և հասարակության փոխհարաբերության մասին: Գրողի ողջ ստեղծագործությունը կապված է ժողովրդական բանահյուսության հետ, որից նա քաղել է իր շատ երկերի թեմաները, սյուժեներն ու կերպարները: Հայկական էպոսի երրորդ՝ գլխավոր ճյուղի, մի քանի պատումների հիման վրա ստեղծել է «Սասունցի Դավիթը» (1902թ.) պոեմը, որը հայ ժողովրդի հերոսական վիպերգության լավագույն մշակումն է: Պատմական ավանդությունից է ներշնչված «Թմկաբերդի առումը» (1902թ.) ազնվության ու նենգության, հայրենասիրության ու դավաճանության մասին պատմող էպիկական ասքը: «Հազարան բլբուլ» անավարտ հեքիաթ-պոեմում, որի վրա հեղինակն ընդհատումներով աշխատել է 1890-ական թվականների կեսից մինչև իր մահը, դրված է մարդու և հասարակության կատարելագործման մեջ արվեստի վիթխարի դերի փիլիսոփայական-գեղագիտական խնդիրը: Գրողը հայ գրականության մեջ հաստատել է բանահյուսության օգտագործման ռեալիստական սկզբունքը, որը ժողովրդական սկզբնաղբյուրի ոգուն հավատարմությունը զուգակցում է բանաստեղծի ակտիվության, նրա դեմոկրատական և մարդասիրական գաղափարների դրսևորման հետ: Այդ ճանապարհով են կերտվել, բացի նշված երկերից, նաև նրա բալլադները, որոնց հիմքում ընկած են հայկական և արևելյան լեգենդներ ու ավանդություններ: Այս ժանրի առավել նշանակալից երկերն են «Ախթամար»-ը (1892թ.), «Փարվանա»-ն (1903թ.), «Հսկան» (1908թ.), «Մի կաթիլ մեղրը» (1909թ.), «Աղավնու վանքը» (1913թ.), «Թագավորն ու չարչին» (1917թ.): 20-րդ դարի սկզբին մշակել է ավելի քան երկու տասնյակ հայկական ժողովրդական հեքիաթներ («Տերն ու ծառան», «Օսկու կարասը», «Քաջ Նազար», 1908թ.), ինչպես նաև փոխադրել է Գրիմ եղբայրների, ռուսական, հնդկական, ճապոնական, իտալական և այլ ժողովուրդների մի շարք հեքիաթներ: Հայ գրականության արձակի լավագույն էջերից են գրողի պատմվածքները, որոնք նվիրված են գերազանցապես հայ գյուղի կյանքին, կենցաղին, բնությանը: Դրանք ստեղծում են լիարյուն գեղարվեստական կերպարներ, ճշգրիտ և դիպուկ են մանրամասների, խորիմաստ և նշանակալից՝ գեղարվեստական ընդհանրացումների մեջ: Հայ արձակի գլուխգործոց է «Գիքորը» (1895թ., հրտ.՝ 1907թ.)՝ բուրժուական քաղաքում զոհված գյուղացի պատանու պատմությունը, որը բազմիցս բեմականացվել է, հիմք դարձել լիամետրաժ կինոնկարի համար: Մանկական գրականության լավագույն էջերից են «Շունն ու կատուն» (1886թ., հրտ.՝ 1892թ.), «Անբախտ վաճառականներ» (1886թ., հրտ.՝ 1899թ.), այլ չափածո ու արձակ գործեր: Գրողը ակտիվ մասնակցություն է ունեցել դպրոցական «Լուսաբեր» դասագրքի պրակների (1907թ-ից) և «Հայ գրողներ» երկհատոր քրեստոմատիայի (1909թ.) ստեղծմանը: Կյանքի վերջին տարիներին (1916-22թթ) ստեղծել է բազմաթիվ քառյակներ: Մտքի և խոսքի կատարյալ ներդաշնակությամբ, բացառիկ հակիրճությամբ բնութագրվող այդ գործերը շոշափում են մարդու կոչման, կյանքի և մահվան փոխհարաբերության բարդ հարցերը, դրանք լուծում մարդասիրական ու բնապաշտական դիրքերից: 20-րդ դարի սկզբին հատուկ ուժով ծավալվել է նրա հասարակական գործունեությունը: Հատկապես նշանակալից է նրա գործունեությունն անդրկովկասյան ժողովուրդների միջև բարեկամություն և փոխըմբռնում հաստատելու ուղղությամբ: 1905-07թթ մեծ ջանքեր է գործադրել ցարական բյուրոկրատիայի և նացիոնալիստական կուսակցությունների հրահրած հայ-թաթարական արյունոտ ընդհարումներին վերջ տալու համար: Այդ պատճառով նա երկու անգամ ձերբակալվել է (1908-09թթ, 1911-12թթ): Բանաստեղծի խաղաղասիրական միսիան երևան է եկել նաև 1918թ.՝ մենշևիկյան Վրաստանի և դաշնակցական Հայաստանի միջև ծագած ռազմական կոնֆլիկտի, ինչպես նաև 1921թ. սկզբներին Հայաստանում դաշնակցական ավանտյուրայի ժամանակ: Գրողը եղել է 20-րդ դարի առաջին երկու տասնամյակների հայ գրականության կենտրոնական դեմքը: Եղել է նաև գրական-հասարակական կազմակերպությունների հիմնադիրն ու ղեկավարը: 1899թ. նրա նախաձեռնությամբ ստեղծվել է «Վերնատուն» գրական խմբակը, որի մեջ մտնում էին Ղազարոս Աղայանը, Ավետիք Իսահակյանը, Լևոն Շանթը, Դերենիկ Դեմիրճյանը, Պերճ Պռոշյանը, Նիկոլ Աղբալյանը և ուրիշներ: 1912թ. ընտրվել է նոր կազմակերպված Հայ գրողների ընկերության նախագահ (մինչև 1921թ.), վիթխարի գործ կատարել հայ գրականության դեմոկրատական ուժերի համախմբման, առաջավոր գեղագիտական սկզբունքների պրոպագանդման համար: Հիմնականում այդ նույն ժամանակ է ծավալվել նաև նրա քննադատական և հրապարակախոսական գործունեությունը, նա հանդես է եկել հոդվածներով, որոնց մեջ արծարծվում են հասարակական կյանքի, գրականության, բանահյուսության, հայոց լեզվի և բարբառների զարգացման հարցերը: Գրել է հետազոտություններ հայ միջնադարյան քնարերգության (Ն.Քուչակ, Ն.Հովնաթան, հատկապես Սայաթ-Նովա), Խ.Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի և հայ հերոսական էպոսի պատմական արմատների մասին: Նշանակալից են Պուշկինին, Լերմոնտովին, Տոլստոյին տված նրա գնահատականները: Հոդվածների և գրախոսականների մի ամբողջ շարք է նվիրել Շեքսպիրին: Իբրև Հայաստանի օգնության կոմիտեի (ՀՕԿ) նախագահ (1921-22թթ) և Հայ արվեստի տան (Թիֆլիս) ղեկավար՝ նա իր վերջին ուժերը նվիրել է նոր կարգերի ամրապնդման և նոր մշակույթի ստեղծման գործին: Նշանակալի է գրողի թարգմանական աշխատանքը, որտեղ նա ճշգրտությունն ու հարազատությունը զուգակցում է բանաստեղծական ազատության հետ: Թարգմանել է Պուշկինի բանաստեղծություններն ու բալլադները («Ձմեռվա իրիկունը», «Օլեգի երգը», «Ջրահեղձը» և այլն), Բայրոնի «Շիլիոնի կալանավորը», Լերմոնտովի «Մծիրին», հատվածներ ռուսական բիլինաներից և սերբական էպոսից, Լոնգֆելլոյի «Հայավաթի երգը» պոեմից և այլ գործեր: Գրողի շատ երկեր թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն, արաբերեն, հունարեն, ճապոներեն, շվեդերեն, վրացերեն, չինարեն, պարսկերեն և այլ լեզուներով: Մահացել է Մոսկվայում, թաղված է Թբիլիսիի Խոջիվանքի հայկական պանթեոնում, սիրտը` ՀՀ Դսեղ գյուղում: Երևանում գործում է Հովհաննես Թումանյանի թանգարանը, Դսեղում` տուն-թանգարանը: Նրա անունով են կոչվել Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտը, հրապարակ Մոսկվայում, Երևանի տիկնիկային թատրոնը, փողոցներ, դպրոցներ, գրադարաններ Երևանում և այլ քաղաքներում ու գյուղերում: 1980թ. սահմանվել է Հայաստանի գրողների միության Թումանյանի անվան ամենամյա մրցանակ: 1957թ. Երևանի օպերայի և բալետի թատրոնի շենքի առջև կանգնեցվել է նրա հուշարձանը: Հայկական 5-հազարանոց թղթադրամի վրա պատկերված է Հովհաննես Թումանյանի դիմանկարը: