Հովհաննես Տարոնացի
Ծնվել է Մեծ հայքի Տուրուբերան նահանգի Տարոն քաղաքում: Եղել է 11-րդ դարի 1-ին կեսի հայ գիտնական, տոմարագետ: Կրում էր «Հայոց վարդապետ» պատվանունը: 1022թ. Հայոց կաթողիկոսի հետ այցելել է Տրապիզոն և Հայոց թագավորի անունից բանակցություններ վարել Վասիլ 2-րդ կայսեր հետ՝ Հովհաննես-Սմբատ Բագրատունու մահից հետո նրա թագավորության հողերը Բյուզանդիային հանձնելու շուրջը: Մատթեոս Ուռհայեցու հավաստմամբ, հեղինակել է «Գիր հաւատոց» և «Պատմութիւն Բագրատունեաց» երկերը (չեն պահպանվել): Գրել է նաև տոմարագիտական աշխատություններ («Մեկնութիւն տոմարի» և այլն): Նրան է վերագրվել նաև «Տեսիլ» վերտառությամբ անվավեր գրվածքը, որը, սակայն, ստեղծվել է նրա մահից հեաո, սելջուկ-թուրքական տիրապետության շրջանում և արտացոլում է քրիստոնյա տերությունների օգնությամբ Հայաստանը սելջուկ-թուրքերի լծից ազատագրելու ակնկալություններ («Տեսիլ»-ի իսկական հեղինակները շահարկել են հեղինակի անունը): Կյանքի վերջին տարիներն անց է կացրել Երևանում, ուր վախճանվել և թաղվել է Կոնդի հյուսիս-արևմտյան ծայրամասի՝ իր անունով («Կոզեռն») կոչվող գերեզմանոցում: Հետագայում նույն թաղամասում նրա անունով կոչվել է փողոց: