Zark Foundation

Հովհաննես Տետեյան

Հովհաննես Տետեյան

Հրատարակիչ, մշակութային գործիչ

28 հունիս, 1795 - 1 փետրվար, 1878

Ծնվել է Զմյուռնիայում (այժմ՝ Իզմիր, Թուրքիա): Զբաղվել է Անատոլիայից Եվրոպա գյուղատնտեսական ապրանքների արտահանությամբ։ 1867թ. Փարիզում կայացած բուսատեսակների համաշխարհային ցուցահանդեսում ներկայացրած 54 տեսակ մրգերի և պտուղների, ինչպես նաև վարդայուղի համար արժանացել է Մեծ ոսկյա մեդալի և այլ պարգևների։ 1853թ. որդու՝ Տիգրան-Հարությունի, ինչպես նաև հանգանակությամբ ձեռք բերված միջոցներով և եղբայրների աջակցությամբ հիմնադրել է տպարան «Տպարան Տետեյան եղբարց» դրոշմատիպով, որը գործել է շուրջ 40 տարի։ Տպարանը մեծ դեր է կատարել արևմտահայ նոր ինքնուրույն և թարգմանական գրականության ավանդույթների ստեղծման ու զարգացման գործում։ Այստեղ են տպագրվել «Արփի արարատյան», «Ծաղիկ» հանդեսները, ավելի քան 208 հատոր ինքնուրույն և թարգմանական գրականություն, դասագրքեր, ձեռնարկներ, Ս.Տեր-Գասպարյանի, Գ.Չիլինկիրյանի, Մ.Մամուրյանի, Գ.Մսերյանի, Մ.Նուպարյանի, Մ.Միրզայանի և այլոց, ինչպես նաև Տետեյանների բազմաթիվ թարգմանություններ անգլերենից և ֆրանսերենից, այդ գրքերից շատերը առաջին հայերեն թարգմանություններ են և մեծ դեր են կատարել հայ մշակույթի պատմության մեջ։ Նրա աշխատասիրությամբ է հրատարակվել «Օսմանյան պատմություն» աշխատությունը։ Նրանց տպարանում է լույս տեսել նաև հայատառ թուրքերեն Նարեկը։ 1859թ. Արամ-Կարապետ Տետեյանի, Տիգրան-Հարություն Տետեյանի, Տ.Սավալանյանի, Գ.Կոստանդյանի, Ս.Վանանդեցու և այլոց նախաձեռնությամբ հիմնադրվել է կրթական-մշակութային «Հաշտենից ընկերություն»-ը, 1860թ.՝ նրա օրգան «Միություն» («Հանդես Հաշտենից»-ը), որն իր առջև նպատակ էր դրել հսկել ազգային վարժարանների գործունեությանը, օգնել որբ ու անտեր երեխաների ուսումնառությանը, ծավալել կրթալուսավորական գործունեություն։ 1861թ. նոյեմբերին Կալկաթայից վերադարձի ճանապարհին Միքայել Նալբանդյանը կանգ է առել Զմյուռնիայում, հանդիպումներ ունեցել զմյուռնիահայ մտավորականության հետ, այցելել Տետեյանների տպարան, ծանոթացել «Հաշտենից ընկերության» գործունեության ու նրա ղեկավարների հետ, ներկա եղել Զմյուռնիայի «Վասպուրական» թատրոնում բեմադրված ներկայացմանը։ Մահացել է Զմյուռնիայում (այժմ՝ Իզմիր, Թուրքիա):