Ապրել և ստեղծագործել է 18-րդ դարի 1-ին կեսին, Երուսաղեմում: Տեղի Սբ. Հակոբյանց տաճարում պահպանվել են նրա 23 նկարները: Լավագույններից են՝ «Անառակ որդու վերադարձը», «Մոգերի երկրպագությունը», «Հարսանիք Կանայում», «Համբարձում», «Հոգեգալուստ» և այլն: Սյուժեների ազատ ընտրություն է կատարել, հեռացել է սրբապատկերային կանոններից, ձգտել կերպարների ազգային գծերի շեշտադրմանը, շարժումների միջոցով որոշակի հոգեբանության արտահայտմանը: Որպես ֆոն օգտագործել է եվրոպական փորագրություններից վերցված բնանկարներ, երբեմն նույն կտավի վրա տեղադրել կրկնակի սյուժեներ (օրինակ, «Ղազարոսի հարությունը և մուտքը Երուսաղեմ», «Մեղավոր կինը լվանում է Հիսուսի ոտքերը»): Գեղանկարչական մտածողության մեջ առկա է ժամանակի իտալական արվեստի ազդեցությունը: Նկարներն ունեն հեղինակի անվան և կատարման թվականների (1721թ., 1723թ., 1724թ.) մակագրություններ: