Zark Foundation

Մամիկոն Գևորգյան

Մամիկոն Գևորգյան

Դրամատուրգ, թարգմանիչ

17 նոյեմբեր, 1877 - 17 հունիս, 1962

Ծնվել է Նախիջևանի Օրդուբադի շրջանի Քաղաքիկ գյուղում: Սկզբնական կրթությունն ստացել է Ագուլիսի ծխական դպրոցում: Տասը տարեկանում տեղափոխվել է Մոսկվա: 1897թ. ավարտել է տեղի Լազարյան ճեմարանը, 1901թ.` Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Համալսարանում գրել է «Վաղ տիրապետության շրջանը ըստ ռուսական իրավունքի» թեմայով աշխատանք և արժանացել գովասանական գնահատանքի: 1901-03թթ աշխատել է Մոսկվայում, 1903-12թթ` Թիֆլիսում, 1912-16թթ` Կոկանդում (Ուզբեկստան), որից հետո նորից տեղափոխվել է Թիֆլիս: 1901թ. եղել է Փարիզում և Բեռլինում, 1906թ.` Աթենքում, Հռոմում, Լյուցեռնում, Ցյուրիխում, Մյունխենում, Վիեննայում: 1917թ-ից բնակվել է Թիֆլիսում: 1917-19թթ աշխատակցել է այստեղ լույս տեսնող «Кавказское слово» թերթին: Նրա անվանը կարելի է հանդիպել 1917-20թթ «Кавказское слово», «Слово» (Թիֆլիս) և «Тифлисский листок» (1906թ.) պարբերականներում: 1921թ. գործուն մասնակցություն է ունեցել Թիֆլիսի Հայարտան (Հայ արվեստի տուն) կազմակերպմանը և ընդգրկվել այդ խորհրդի կազմում որպես նախագահի (Հովհաննես Թումանյան) տեղակալ: 1921-28թթ եղել է Երևանի առաջին պետական թատրոնի (այժմ՝ Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն) առաջին տնօրենը: Զուգահեռ եղել է նաև «Նորք» պարբերական հանդեսի պատասխանատու քարտուղարը: 1928թ. նշանակվել է Հայաստանի պետական հանրային գրադարանի (այժմ՝ Հայաստանի ազգային գրադարան) տնօրեն և ղեկավարել է մինչ 1932թ.: 1932-33թթ եղել է Հայաստանի պետական օպերայի և բալետի թատրոնի տնօրենը, որը կազմակերպվել ու բացվել է նրա անմիջական ջանքերով: 1933-37թթ աշխատել է Հայկինոյում` որպես գրական-գեղարվեստական խորհրդական և կինոսցենարիստ: 1936թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ, զբաղվել է դրամատուրգիայով, կինոդրամատուրգիայով և թարգմանություններով, որի ընթացքում հետապնդվել է խորհրդային իշխանությունների կողմից և կանգնել դատարանի առջև, իսկ հետագայում` արդարացվել: 1941թ. նշանակվել է Հեղինակային իրավունքների պահպանության համամիութենական վարչության հայկական բաժնի տնօրեն: Զբաղվել է նաև գիտական գործունեությամբ: 1953թ. գրաբարից ռուսերեն է թարգմանել Փավստոս Բուզանդի «Հայոց պատմություն»-ը: Թարգմանել է նաև Խ.Աբովյանի «Վերք Հայաստանի», Գ.Սունդուկյանի«Խաթաբալա», Ա.Շիրվանզադեի «Պատվի համար», Ա.Բակունցի «Միրհավ» երկերը, Սուրեն Այվազյանի պատմվածքները: Ռուսերենից հայերեն է թարգմանել Ա.Պուշկինի «Ճանապարհորդություն դեպի Արզրում», Ա.Օստրովսկու «Արդյունավոր պաշտոն», «Անօժիտը» (Արշալույս Տեր-Հովնանյանի հետ) և այլ գործեր: Գրել է մի քանի դրամա, որից երկուսը` «Փառանձեմ» և «Վարդազար» խաղացվել են հայ բեմերում: 1922թ. Լևոն Քալանթարը բեմադրել է նրա «Վարդազար» պիեսը: Գրել է «Գիքոր» ֆիլմի սցենարը (Ամասի Մարտիրոսյանի հետ), ինչպես նաև «Շունն ու կատուն» մուլտիպլիկացիոն ֆիլմի սցենարը, «Պեպո» գեղարվեստական ֆիլմի լիբրետոն և այլն: 1943-60թթ աշխատել է ՀՀ ԳԱ լեզվի ինստիտուտում: 1945թ. լույս է տեսել ռուս-հայերեն բառարան, որը կազմել և խմբագրել է հայտնի գիտնականների հետ: Մտերմություն է արել Եղիշե Չարենցի հետ: Մահացել է Երևանում: