Ծնվել Է 1976թ. ապրիլի 18-ին, Երևանում: Դերասանուհի Ժենյա Մկրտումյանի դուստրն է: Սովորել է Երևանի Ն.Ստեփանյանի անվան թիվ 71 միջնակարգ դպրոցում: Պարել է «Արայի Դանս Շոու» խմբում: 1986թ. նկարահանվել է «Օդապարիկի օրը» ֆիլմում: Վաղ տարիքից Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում խաղացել է բազմաթիվ ներկայացումներում` «Մենավոր ընկուզենի», «Համր լեռան ճիչը», «Հունիս էր, արև», «Քանի դեռ կամ»: Վարել է «Հմուտ ձեռքեր», «Խատուտիկ» մանկական հեռուստահաղորդումները, երգել է «Արևիկ» մանկական վոկալ-գործիքային անսամբլում: 1995թ. հիմնել է «Տեա-Ջազ» պարային խումբը և աշխատել Հայաստանի Երգի պետական թատրոնում: 1998թ-ից խմբի հետ միասին սկսել է երգչուհու գործունեությունը: «Զինվոր ես» երգը բերել է նրան ճանաչում և 1999թ. ՀՀ պաշտպանության նախարարության կողմից, խմբի հետ միասին, մասնակցել է Սոչիում տեղի ունեցած «Միջազգային բանակային երգի փառատոնին»` նվիրված Աֆղանիստանից զորքերը դուրս բերելու 10-ամյակին, և ստացել դափնեկրի կոչում: 2003թ. «Հայկական երգ» Մոսկվայի միջազգային, 2006թ. «Կռունկ» փառատոնի ժամանակ արժանացել է դափնեկրի կոչման: Հյուրախաղերով հանդես է եկել բազմաթիվ երկրներում: Նկարահանվել է «Արմենիա» հեռուստաընկերության «Ճակատագրի գերիները» և «Սիթքոմ» սերիալներում, որտեղ եղել է երաժշտական պրոդյուսեր: Թողարկել է «Love & Madness» (2007թ.) ձայնասկավառակը: Բնակվում է Փարիզում: