Ծնվել է Արևմտյան Հայաստանի Խարբերդ քաղաքում: Հայոց ցեղասպանության վերապրողներից է: 1915թ. փրկվել է թուրք զինվորներից` թփի մեջ պահվելով: Այնուհետև մոր հետ միասին գաղթել և բնակություն է հաստատել ԱՄՆ Ֆրեզնո քաղաում: Ավարտել է Քալիֆորնիայի համալսարանը, մագիստրոսի աստիճան ստացել Բերքլիում, դոկտորական` Հարվարդի համալսարանում, մասնագիտացել ազգագրության և բազմամշակութաբանության մեջ: 1943-45թթ ծառայել է ամերիկյան բանակում: 1946-51թթ դասավանդել է Օրեգոնի, Քալիֆորնիայի, Բեյրութի, Բենարեսի (Հնդկաստան) համալսարաններում: Նկարահանել է «Ասիական մայրցամաքը», «Հիմալայներ, կյանքն աշխարհի տանիքին», «Աֆրիկան իմ տունն է», «Երուսաղեմ բազմաթիվ աշխարհների կենտրոնը», «Լռության դարը», «Ու՞ր է իմ ժողովուրդը», «Հայկական հարցը» և այլ փաստագրական շարժանկարներ: Որպես ֆիլմերի հեղինակ` երկու «Էմի» մրցանակ է ստացել` Հայոց ցեղասպանության վկաների մասին «The Forgotten Genocide» (1975թ.) ֆիլմի համար, որն առաջին երկարամետրաժ ֆիլմն էր Հայոց Մեծ եղեռնի թեմայով և ներառում էր ռեժիսորի քսան տարվա աշխատանքը: 1979թ. հիմնել է հայկական ֆիլմերի հիմնադրամ, որը հավաքագրել է Հայոց եղեռնի զոհերի դոկումենտալ պատմությունները: Նրա հեղինակած ֆիլմերից են նաև «Օտարները ավետյաց երկրում» (1984թ.), «Հայկական ցեղասպանություն» (1991թ.), «Արարատն է կանչում» (1995թ.): 2006թ. արժանացել է Արմին Վեգների մարդասիրական մրցանակի: 2008թ. թողարկել է «Երբ Եփրատը կարմիր է դառնում» իր 70-րդ ֆիլմը: Մահացել է ԱՄՆ Քալիֆորնիա նահանգում: