Zark Foundation

Մաքսիմ Մարտիրոսյան

Մաքսիմ Մարտիրոսյան

Բալետի արտիստ, պարուսույց

9 սեպտեմբեր, 1931 - 3 դեկտեմբեր, 2019

Ծնվել է Երևանում: Եղել է դերասանուհի Մարուսյա Մարտիրոսյանի եղբայրը: 1950թ. ավարտել է Երևանի, 1952թ.` Մոսկվայի պարարվեստի ուսումնարանները, 1967թ.` Մոսկվայի Լունաչարսկու անվան թատերական արվեստի ինստիտուտի բալետմայստերական ֆակուլտետը: 1952-67թթ եղել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի մենապարող, 1967-71թթ և 1988-89թթ` գլխավոր բալետմայստերը, 1989-92թթ` բալետմայստեր, 1952-59թթ` Երևանի պարարվեստի ուսումնարանի դասական պարի ուսուցիչ, 1959-71թթ` գեղարվեստական ղեկավարը, 1987թ-ից` գլխավոր խորհրդատու, 1971-87թթ` Մոսկվայի պարարվեստի ուսումնարանի գեղարվեստական մասի վարիչն ու գլխավոր բալետմայստերը: 1977-78թթ աշխատել է Սան Պաուլուի (Բրազիլիա) բալետային խմբում: 1992-97թթ եղել է Մոնրեալի (Կանադա) «Դիվերտիմենտո դե Մոնրեալ» բալետի խմբերի բալետմայստերը, 1997թ-ից` Երևանի պարարվեստի թատրոնի հիմնադիր-գեղարվեստական ղեկավարը: Հանդես է եկել հետևյալ բալետային ներկայացումներում` Ա.Ադանի «Ժիզել» (Ալբերտ), Պ.Չայկովսկու «Կարապի լիճը» (Զիգֆրիդ), Լ.Մինկուսի «Դոն Կիխոտ» (Բազիլ), Ա.Խաչատրյանի «Գայանե» (Կարեն) և այլն: Լավագույն բեմադրություններից են` Գ.Եղիազարյանի «Անուրջների լիճը» (1968թ.), Կ.Օրբելյանի «Անմահություն» (1969թ.), Է.Հովհաննիսյանի «Անտունի» (1969թ.), Ա.Խաչատրյանի «Գայանե» (1970թ., Վորոնեժում` 1971թ., Ուլան Ուդեում` 1973թ., 1-ին մրցանակ, Մոսկվայի Մեծ թատրոնում` 1984թ.), Պ.Չայկովսկու «Շչելկունչիկ» (1977թ., Վորոնեժ), Դելիբի «Կոպելիա» (1989թ., Մոսկվայի Մեծ թատրոնում` 1977թ.), Ս.Պրոկոֆևի «Մոխրոտ» (1998թ.), Ա.Վիվալդիի «Տարվա եղանակներ» (2002թ.), Ա.Խաչատրյանի «Հավերժություն» (2004թ.), Կ.Պունիի «Հիշողություններ անցյալից» (1983թ., Մոսկվայի Մեծ թատրոն) և այլն: Աշակերտներից են եղել Վիլեն Գալստյանը, Աննա Մարիկյանը, Ռուդոլֆ Խառատյանը, Նորայր Մեհրաբյանը և ուրիշներ: 1960թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 1973թ.` Ռուսաստանի ժողովրդական արտիստի կոչման, 2001թ.` ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի, 2016թ.՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալի: Մահացել է Երևանում: