Ստեղծագործել է հիմնականում Նոր Բայազետի (այժմ՝ Գավառ) շրջանում, 1541-95թթ։ Նրա ստորագրությամբ հայտնի խաչքարերը գտնվում են Կարմիրգյուղում՝ Սբ. Աստվածածին եկեղեցու արևելյան կողմում, պարսպի տակ (1541թ.) և արևմտյան պատի մեջ, մուտքից վեր (1567թ.), երկուսը՝ Սբ. Գևորգ կիսավեր եկեղեցու հարավային պատի տակ (1546թ. և 1549թ.), Սարուխանի գյուղամիջի մատուռի ներսում, հյուսիսային պատի մեջ ագուցված (1549թ.), Հրազդանի շրջանի Ծաղկունք գյուղում՝ Սբ. Հարություն եկեղեցու հարավային պատի տակ (1553թ.), Նորադուզ գյուղում՝ Սբ. Աստվածածին եկեղեցու հարավում, այլ խաչքարերի շարքում (զույգ խաչքար, 1555թ. և անթվակիր), ամենաուշ թվագրվածը (1595թ.)՝ գավթի արևելյան մուտքի ճակատին, Բջնիի Սբ. Աստվածածին եկեղեցու բակում՝ մեկը արևելյան պատի մոտ, մյուսը՝ պարսպի հյուսիս-արևելյան անկյունին (1580թ. և անթվակիր) ու Նոր Բայագետի Սբ. Կարապետ եկեղեցու արևելյան պատի կենտրոնում։ Նրա խաչքարերին բնորոշ է նեղ քիվը, լայն ճակատը, որի կենտրոնում, խորանի մեջ խաչն է, շրջանակները լայն են, քառակուսիներով, արձանագրությունը մեծ մասամբ քիվի վրա է, իսկ ուռուցիկ տառերով ստորագրությունը՝ խորանի վերին երկու կողմերին։ Զարդաքանդակները չափազանց նուրբ են, ոճավորված։ Եղել է Նոր Բայազետի (այժմ՝ Գավառ) շրջանում գործող 16-րդ դարի ամենանշանավոր կազմող արվեստագետներից։