Zark Foundation

Մետաքսյա Սիմոնյան

Մետաքսյա Սիմոնյան

Դերասանուհի

21 փետրվար, 1926 - 11 օգոստոս, 1987

Ծնվել է Աշխաբադում: 1933թ. տեղափոխվել է Երևան: 1948թ. ավարտել է Երևանի թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը` Վարդան Աճեմյանի արվեստանոցը, որից հետո հրավիրվել է աշխատանքի Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն` որպես դերասանուհի: Դեռևս ուսանելու տարիներին հաջողությամբ խաղացել է Կատերինայի (Սոլոգուբի «Քնքույշ սրտից պատուհաս»), Անանիի (Գ.Սունդուկյանի «Էլի մեկ զոհ») դերերը: Հայ թատրոնում շարունակել է Արուս Ոսկանյանիև Ռուզան Վարդանյանի ստեղծած ավանդույթները: Հաջողությամբ հանդես է եկել ռուս, արևմտաեվրոպական և հայ հեղինակների պիեսներում, խաղացել կատակերգական և ողբերգական դերեր: Գեղեցիկ ձայնի, կանացի ու արտիստական մեծ հմայքի շնորհիվ տասնյակ տարիներ եղել է թատրոնի առաջատար դերասանուհի, կերտել անմոռանալի կերպարներ: Խաղացած ներկայացումներից են` Գ.Տեր-Գրիգորյանի «Այս աստղերը մերն են» (Արմանուշ), Մ.Լերմոնտովի «Դիմակահանդես» (Նինա), Մ.Գորկու «Եգոր Բուլըչովը և ուրիշներ» (Շուրա), Վ.Շեքսպիրի «Օթելլո» (Դեզդեմոնա), «Ռոմեո և Ջուլիետ» (Ջուլիետ), «Լիր արքա» (Կորդելիա), Ա.Շիրվանզադեի «Նամուս» (Սուսան), «Քաոս» (Շուշանիկ), Կ.Գուցկովի «Ուրիել Ակոստա» (Հուդիթ), Ն.Զարյանի «Արա Գեղեցիկ» (Նուարդ), Սարդուի և Մորոյի «Մադամ Սան-Ժեն» (Կատրին Լեֆևր), Է.Օլբիի «Ո՞վ է վախենում Վերջինիա Վուլֆից» (Մարթա), Ֆ.Դոստոևսկի «Ապուշը» (Նաստասյա Ֆիլիպովնա), Պ.Յավորովի «Վիտոշի փեշերին» (Միլա) և այլն: Նկարահանվել է նաև կինոյում` «Անահիտ» (1947թ.), «Արարատյան դաշտի աղջիկը» (1949թ.), «Ո՞ւմ է ժպտում կյանքը» (1957թ.), «Թռիչք անդունդի վրայով» (1959թ.), «Սայաթ-Նովա» (1960թ.), «Ջրերը բարձրանում են» (1962թ.), «Մխիթար Սպարապետ» (1978թ.) և այլն: 1968թ-ից դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում (1983թ-ից` պրոֆեսոր): Հանդես է եկել ասմունքով: Խաղացել է ռադիո և հեռուստատեսային ներկայացումներում: Հյուրախաղերով հանդես է եկել Մոսկվայում, Բաքվում, Թբիլիսիում, Բեյրութում, Դամասկոսում և այլուր: 1950թ. արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի, 1965թ.` Հայաստանի, 1981թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: