Zark Foundation

Միքայել Միանսարյանց

Միքայել Միանսարյանց

Մատենագիր, լրագրող

29 հունիս, 1830 - 5 փետրվար, 1880

Ծնվել է Տփղիսում (այժմ՝ Թբիլիսի): Եղել է գիտական մատենագիտության հիմնադիր-լրագրող: Սովորել է Ներսիսյան դպրոցում, Մոսկվայի Լազարյան ճեմարանում: 1857թ. ավարտել է Պետերբուրգի կայսերական հեծելազորային բարձրագույն ուսումնարանը։ Եղել է փոխգնդապետ։ Աշխատակցել է «Հյուսիսափայլ», «Մեղու Հայաստանի», «Кавказ» և այլ պարբերականների։ Կազմել է «Քնար հայկական» (1868թ.) երգարանը, որի վերջաբանում, ինչպես նաև «Կանոնավոր և վայելուչ գրության պատմությունը և տեսությունը» (1872թ.) աշխատության մեջ, ամփոփել է իր մանկավարժական հայացքները։ 1873թ. Լայպցիգում հայկական դպրոցների համար որպես ձեռնարկ հրատարակել է իր կազմած «Հայերեն կանոնավոր և վայելուչ գրության» վարժությունների 5 և տողանցների 4 պրակ։ Կազմել է հայ տպագիր արտադրանքի ընդհանուր մատենագիտություն (անտիպ)։ 1874-76թթ լույս է ընծայել «Կովկասի և Անդրկովկասի մատենագիտություն» աշխատության առաջին հատորը, որտեղ հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն, վրացերեն և այլ լեզուներով ներկայացված են մոտ 6000 գիրք, հոդված, քարտեզ, տպագիր ու ձեռագիր նյութեր։ Գերակշիռ մասը կազմում է հայերեն, ինչպես և տարբեր լեզուներով հայագիտական գրականությունը։ Մահացել է Պետերբուրգում (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ):