Zark Foundation

Մկրտիչ Ասլանյան

Մկրտիչ Ասլանյան

Արձակագիր, լրագրող

5 մայիս, 1906 - 10 փետրվար, 1986

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Բուլանըխ գավառի Կոփ գյուղում։ 1915թ. ընտանիքի հետ գաղթել է Արևելյան Հայաստան։ 1930թ. ավարտել է Թիֆլիսի հայկական բանասիրական ֆակուլտետը։ Հետո սովորել է Թիֆլիսի համալսարանի բանասիրական ֆակուլտետում, բայց այստեղ ուսումը կիսատ է թողել։ 1923-28թթ որպես կառուցող բանվոր աշխատել է Ղարաքիլիսայում (այժմ` Վանաձոր), ապա Թիֆլիսում։ 1928-35թթ աշխատել է Թիֆլիսի «Պրոլետար» թերթում` որպես գյուղբաժնի վարիչ, 1935-41թթ` Վրաստանի ռադիոկոմիտեում` որպես հայկական հաղորդումների խմբագիր։ 1930-32թթ եղել է պրոլետգրողների միության հայկական մասնաճյուղի առաջին քարտուղարը։ 1941-45թթ ծառայել է Խորհրդային բանակում, մասնակցել Երկրորդ համաշխարհային պատերազմին։ Եղել է Անդրկովկասյան ռազմաճակատի «Լենինյան դրոշ» թերթի զինթղթակիցը։ 1956թ. նորից աշխատանքի է անցել Վրաստանի ռադիոկոմիտեում` որպես հայակական հաղորդումների գլխավոր խմբագիր։ Այստեղ աշխատել է մինչև 1972թ., ապա անցել է կենսաթոշակի։ 1934թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ, 1955-58թթ` Վրաստանի գրողներ միության հայկական մասնաճյուղի նախագահը։ Ռուսերեն լույս է տեսել նրա «Քողարկված հետքերով» (Թբիլիսի, 1957թ.), «Առաջին ժպիտը» (Մոսկվա, 1975թ.), վրացերեն` «Եղբայրություն» (Թբիլիսի, 1958թ.), «Քողարկված հետքերով» (Թբիլիսի, 1966թ.) գրքերը։ Պարգևատրվել է Կարմիր աստղի և Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշաններով։ Մահացել է Թբիլիսիում։