Ծնվել է Հայաստանի Փարպի գյուղում (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզում): Նախնական կրթությունն ստացել է տեղի դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել Երևանի Խ.Աբովյանի անվան միջնակարգ դպրոցում, որն ավարտել Է 1927թ.: 1931թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմագրական ֆակուլտետը։ 1931-37թթ աշխատել է ՀԿԿ Կենտկոմին կից կուսակցության պատմության ինստիտուտում, 1938-40թթ՝ ԽՍՀՄ ԳԱ հայկական բաժնի (Արմֆան) պատմության և նյութական մշակույթի ինստիտուտում, որտեղ 1940-41թթ եղել է տնօրենը։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, վիրավորվել Կովկասի պաշտպանության համար մղված մարտերից մեկում։ 1944-46թթ եղել է ՀՀ ԳԱ պատմության ինստիտուտի տնօրենի տեղակալը, 1946-50թթ՝ ՀԿԿ Կենտկոմին առընթեր մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրենի տեղակալը։ 1950-62թթ եղել է ՀՀ ԳԱ փոխնախագահը, 1962-66թթ՝ ՀՀ ԳԱ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղարը, 1966-77թթ՝ Երևանի պետական համալսարանի ռեկտորը, 1977թ-ից՝ ՀՀ ԳԱ պատմության ինստիտուտի հայ-ռուսական հարաբերությունների պատմության բաժնի վարիչը։ 1931-68թթ մանկավարժական-դասախոսական աշխատանք է կատարել, հայ ժոդովրդի պատմություն է դասավանդել Խ.Աբովյանի անվան հայկական և Վ.Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների մանկավարժական ինստիտուտներում, ԵՊՀ-ում: 1937-41թթ եղել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկանը, 1949-54թթ` հայ ժոդովրդի պատմության ամբիոնի վարիչը: 1946թ. ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1947թ-ից՝ պրոֆեսոր): Նրա նախաձեռնությամբ 1958թ. հիմնադրվել է «Պատմա-բանասիրական հանդես»-ը, որի անփոփոխ խմբագիրն է եղել: 1967թ. հիմնադրել է նաև «Բանբեր Երևանի համալսարանի» քառամսյա հանդեսը։ Հեղինակել է ավելի քան 100 գիտական աշխատություններ, որոնք հիմնականում վերաբերում են հայ-ռուսական հարաբերությունների և հայ ազատագրական շարժումների պատմությանը։ Սովետահայ պատմագիտության մեջ առաջինն է անդրադարձել Անդրկովկասի նարոդնիկական խմբակների գործունեությանը և արևմտահայերի ազատագրական շարժումներին՝ այդ թեմայով 1946թ. պաշտպանելով դոկտորական դիսերտացիա։ Կազմել ու խմբագրել է «Հայերի գենոցիդը Օսմանյան կայսրության մեջ» փաստաթղթերի և նյութերի ժողովածուն (1966թ., ռուսերեն)։ Նրա մի շարք աշխատություններ վերաբերում են 18-րդ դարի վերջի և 19-րդ դարի 1-ին երեսնամյակի հայ-ռուսական ռազմաքաղաքական և մշակութային կապերի պատմությանը, 1812թ. Հայրենական պատերազմին Կովկասի ժողովուրդների մասնակցությանը: Թողել է պատմագիտական հարուստ ժառանգություն հոդվածներ, փաստաթղթերի ժողովածուներ, մենագրութուններ, որոնցից գիտական մեծ արժեք ունեն «Հայ ժոդովրդի ագատագրական պայքարը թուրքական բռնապետության դեմ 1850-1870թթ» (1955թ.), «Դեկաբրիստները Հայաստանում» (1958թ.), «Из истории русско-армянских отношений» (հ.1-2, 1956-61թթ), «Отечественная война 1812 года и народы Кавказа» (1965թ.), «А.В.Суворов и русско-армянские отношения в 1770-1780-х годах» (1981թ.) ուսումնասիրությունները: Պատմաբանի աշխատություններին հատուկ են աղբյուրագիտական հարուստ հենքը, քննարկվող հարցերի համակողմանի և լայն ընդգրկումը։ Մասնակցել է մի շարք ուսումնական ձեռնարկների և ընդհանրացնող խմբային աշխատությունների ստեղծմանը։ Նրա ղեկավարությամբ ու խորհրդատվությամբ պաշտպանվել է թեկնածուական ու դոկտորական ավելի քան 20 ատենախոսություն: Եղել է Հայաստանի կոմկուսի պատգամավոր, քանիցս ընտրվել ՀԿԿ Կենտկոմի և Երևանի քաղկոմի անդամ, ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի և ապա ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի պատգամավոր։ Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի, Ժողովուրդների բարեկամության շքանշաններով, «Մովսես Խորենացի» և ԵՊՀ ոսկե մեդալներով։ 1950թ-ից եղել է ՀՀ ԳԱ ակադեմիկոս: 1961թ. արժանացել է Հայաստանի գիտության վաստակավոր գործչի կոչման։ Մահացել է Երևանում: