Հանրագիտարան
ՄՈՄԻԿ
Մանրանկարիչ, ճարտարապետ, քանդակագործ
Ստեղծագործել է հիմնականում Վայոց ձորի Աղբերց վանքում, Նորավանքում, հավանաբար` նաև Կիլիկիայում: Աշակերտել է Հովասափ քահանային, սովորել Գլաձորի համալսարանում: Եղել է Օրբելյան իշխանական տան քարտուղարը, գլխավոր նկարիչը, ճարտարապետն ու քանդակագործը: Նրա պատվիրատուներն էին Սյունաց մետրոպոլիտներ Ստեփանոս Օրբելյանը, Հովհաննես Օրբելը, Ստեփանոս Տարսայիճը, Օրբելյան մեծ իշխան Բուրթելը և իշխանուհի Թամթա խաթունը: Նրա անունն առաջին անգամ հիշատակվել է 1283թ. մի ձեռագրում (ծաղկել է խորանները): 1292թ. ընդօրինակել և նկարազարդել է Նորավանքի Ավետարանը (Մատենադարան, ձեռագիր դ 2848), որտեղ պատկերել է 3 ավետարանիչներին և Պրոքորոնին: Վաղ շրջանի նրա ստեղծագործությունը վկայում է, որ Մոմիկը ծանոթ էր արևմտյան պատկերագրության առանձնահատկություններին: Մանրանկարներն աչքի են ընկնում մոնումենտալությամբ, գունային ներդաշնակությամբ, դիմանկարների արտահայտչականությամբ և զարդանկարի հստակությամբ: Նրա լավագույն գործը 1302թ. Ավետարանն է («Պատերազմի Ավետարան», Մատենադարան, ձեռագիր դ 6792): Անսովոր փոքր չափերով (12×8,5 սմ, էջում` 17 կերպար) ձեռագրում վարպետությամբ զետեղել է Ավետարանի 12 տերունական պատկերաշարի հիմնական տեսարանները, Հակոբ և Պողոս առաքյալների պատկերները, զարդագրեր, անվանաթերթեր և այլն: Ենթադրվում է, որ մանրանկարիչը ծաղկել է նաև 1283թ. ընդօրինակված «Կեռան թագուհու Ավետարանը» (Երուսաղեմի Սբ. Հակոբյանց վանքի մատենադարան, ձեռագիր դ 2563) և Դավիթ գրչի հիշատակարանում (1287թ., Թեղենյաց վանք) նշված «Մոմիկի շքեղազարդ» մատյանը: 1331թ. մի ձեռագրի հիշատակարանում վկայել է, որ 1307թ. տեսողությունը վատացել է և չի կարողացել ավարտել մետրոպոլիտ Հովհաննես Օրբելի պատվիրած Ավետարանը (գրել է միայն համաբարբառը): Ենթադրվում է, որ այդ շրջանում (17 տարի) զբաղվել է քանդակագործությամբ և ճարտարապետությամբ, ստեղծել նրբահյուս զարդաքանդակներով խաչքարեր: Լավագույններից են իշխանուհի Թամթա խաթունի պատվիրած 2 խաչքարերը (1308թ.), որոնցից մեկը պահվում է Էջմիածնի գանձատանը, մյուսը` վեհարանում: Մոմիկին են վերագրվում նաև Նորավանքի գլխավոր` Սբ. Ստեփանոս Նախավկա եկեղեցու գավթի մուտքի ու լուսամուտի ճակատակալ քարերի քանդակները և Սբ. Աստվածածին («Բուրթելաշեն», վերականգնվել է 1998թ., օծվել 1999թ.) եկեղեցու բարձրաքանդակները: Իր քանդակներում ներառել է հայոց գրերը, ստեղծել «հայկական առաջին արաբեսկները» (բարդ նախշ` երկրաչափական և բուսական մոտիվների համադրմամբ, տարածված էր հատկապես արաբական երկրներում): Նրա ճարտարապետական գործերից միայն Արենիի Սբ. Աստվածածին եկեղեցին (1321թ.) է վավերացված Մոմիկի անունով: Նրան են վերագրվում Տաթևի վանքի Սբ. Գրիգոր փոքր (1295թ.) և Եղեգիսի Զորաց (1320-ական թվականներ) եկեղեցիները: Մանրանկարները, քանդակագործական և ճարտարապետական գործերն առանձնանում են բացառիկ բարձր արվեստով: Օժտված լինելով աստվածաբանական հարուստ գիտելիքներով` իր հորինվածքները կառուցել է խորհրդանշական շեշտադրումներով, երբեմն` աննախադեպ մտահղացումներով: Մահացել է Վայոց Ձորի Ամաղու գյուղի մոտ գտնվող Նորավանքում։ Նրա հիշատակին նվիրված խաչքար է դրվել Նորավանքում: Մոմիկի անունով ՀՀ-ում կոչվել են Քրիստոնեական մշակույթի երիտասարդական միությունը և զբոսայգի Եղեգնաձորում, Իջևանում կանգնեցվել է արձանը: 2010թ.` ծննդյան 750-ամյակի առթիվ, Նորավանքի համալիրում բացվել է Մոմիկի թանգարանը, թողարկվել են հուշամեդալ և նամականիշ: