Ծնվել է Վարշավայում: Եղել է բանաստեղծ, թարգմանիչ, իրավաբան Յուզեֆ Դիոնիս Մինասովիչի և լեհական բանակի սպա Տոմաշ Մինասովիչի եղբայրը: 1819-28թթ սովորել է Վարշավայի համալսարանի նկարչական բաժնում: 1829-35թթ ուսումը շարունակել է Փարիզում, Միլանում, Ֆլորենցիայում, Հռոմում։ Փարիզում հիմնել է սեփական նկարչատուն ու կատարել դիմանկարների պատվերներ: 1835թ. վերադարձել է Վարշավա, որտեղ կրկին հիմնել է նկարչատուն ու զբաղվել նկարչությամբ, արվեստաբանությամբ, մանկավարժությամբ, ստեղծել մատենանիշեր։ Հիմնականում եղել է դիմանկարիչ։ Նրա գործերը ներկայացվել են Վարշավայի բազմաթիվ ցուցահանդեսներում: Աշխատանքները պահպանվում են Վրոցլավի Օսոլինսկիների գրադարանում և Վարշավայի ազգային թանգարանում։ Հեղինակել է բազմաթիվ արվեստագիտական հոդվածներ և բանաստեղծություններ։ Մահացել է Վարշավայում: