Ծնվել է Արցախի Մարտակերտի շրջանի Չայլու գյուղում։ Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը, 1966թ.` Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1971-73թթ մասնակցել է Մոսկվայի Մ.Գորկու անվան գրականության ինստիտուտին կից գրականության բարձրագույն դասընթացներին։ Աշխատել է Երևանի հեռուստատեսության ստուդիայում, «Հայրենիքի Ձայն» շաբաթաթերթի խմբագրությունում, Հայաստանի գրքասերների ընկերությունում, «Սովետական գրող» և «Արևիկ» հրատարակչություններում։ 2000թ. «Այբբենարանի ուղեկից» մանկական բանաստեղծությունների ժողովածուի համար արժանացել է ՀՀ «Ոսկե եղեգն» պետական գրական առաջին կարգի մրցանակի։ Առաջին բանաստեղծությունը տպագրել է «Սովետական Ղարաբաղ» թերթում։ 1966թ. «Սովետական գրող» հրատարակչությունում լույս է տեսել նրա առաջին գիրքը։ 1968թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ։ Նրա տեքստերով ստեղծվել են բազմաթիվ երգեր մեծերի և փոքրերի համար։ Նրա թարգմանությամբ հրատարակվել է ռուս և օտար մանկագիրների ստեղծագործությունների շուրջ 30 գիրք։ Հեղինակել է ավելի քան 50 բանաստեղծական ժողովածու, որոնց մեծամասնությունը՝ մանկական: Հրատարակվել են նրա «Արևը քո դեմքին» (1966թ.), «Իմ մեղեդին» (1974թ.), «Աճպարար կատուն» (1977թ.), «Ճերմակ հեքիաթ» (1979թ.), «Երբ դու լալիս ես» (1980թ.), «Աքլորակռիվ» (1984թ.), «Սարը սարին» (1986թ.), «Ձկնորս արջն ու մկնորս կատուն» (1987թ.), «Բարի թզուկն ու պարկապզուկը» (1990թ.), «Արև արև արևիկ» (1992թ.), «Արքա չէ, բայց թագավոր է» (1992թ.), «Ետը Անետ թե լիներ» (1993թ.), «Չարն իրեն տեր չկարծի» (1993թ.), «Շուտասելուկներ և բառախաղեր» (1995թ.), «Այբբենարանի ուղեկից» (1998թ.), «Հայկական ժողովրդական հեքիաթներ» (1998թ.), «Բութ մատն ասաց» (1998թ.), «Տուժած ճանճն ու բուժակ բուն» (2000թ.), «Հեքիաթի կղզին» (2000թ.), «Հայկական ժողովրդական խաղիկներ, հանելուկներ, ասացվածքներ» (2001թ.), «Չքնեք, տղաներ» (2010թ.), «Ամենալավ խաղալիքը» (2011թ.), «Ձկնորս արջն ու մկնորս կատուն» (2012թ.) և այլ գրքեր: Նրա բանաստեղծությունների հիման վրա գրվել են բազմաթիվ երգեր` «Արփա Սևան», «Այլ աչեր», «Սա Երևանն է», «Շարունակիր ժպտալ» և այլն: 1988թ. «Ձկնորս արջն ու մկնորս կատուն» մանկական բանաստեղծությունների ժողովածուի համար արժանացել է համամիութենական 3-րդ կարգի մրցանակի, 1990թ. «Բարի թզուկն ու պարկապզուկը» ժողովածուի համար՝ ՀԳՄ Ստեփան Զորյանի անվան մրցանակի, 2012թ.` Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: