Հայտնի է եղել նաև «Նազինիկ» անունով: Եղել է վարձակ երգչուհի և պարուհի, Սյունյաց Բակուր նահապետի հարճը, «յոյժ գեղեցիկ», «եւ երգէր ձեռամբ» (Մովսես Խորենացի, «Պատմություն Հայոց», 1981թ.)։ Մանուկ Աբեղյանը նրա մասին գրված «երգէր ձեռամբ»-ը մեկնաբանել է որպես պար, Սրբուհի Լիսիցյանը թարգմանել է «պար ձեռամբ» («Старинные пляски и театральные представления армянского народа», 1958թ.), հիմք ընդունելով նաև «վարձակ Նազինիկ» արտահայտությունը, քանի որ վարձակ նշանակում է «թեթևաբարո կին, որը հասարակության առաջ երգում, պարում, նվագում և միմոսություն է անում» (Մովսես Խորենացի, «Հայոց պատմություն», 1940թ.)։ Այս տեղեկությունը համարվում է հայ մշակույթում ամենահին գրավոր փաստը հայկական կանացի մենապարերի մասին, իսկ Նազենիկը՝ «ձեռքերով պարող» առաջին հայ պարուհու անվան հիշատակությունը։ Նրան է նվիրված Դանիել Վարուժանի «Հարճը» պոեմը: Երևանում 2001թ. կազմակերպվել է «Նազենիկ» մնջախաղի միջազգային փառատոնը: