Հանրագիտարան
ՇԱՀԱՄԻՐ ՇԱՀԱՄԻՐՅԱՆ
Պետական գործիչ, գործարար, տպագրիչ
Ծնվել է Իրանի Իսֆահան (Սպահան) քաղաքում: Եղել է 18-րդ դարի երկրորդ կեսի հայ ազատագրական շարժման գործիչ, հայ բուրժուալուսավորական գաղափարախոսության հիմնադիրը: Հնդկաստան է գաղթել Նոր Ջուղայից։ Հաստատվել է Մադրասում, զբաղվել դերձակությամբ, ապա՝ առևտրով։ Դառնալով մեծահարուստ՝ մոտ 40 տարեկան հասակում վարձել է հայ ու անգլիացի ուսուցիչներ, կատարելագործել իր կրթական մակարդակը։ Նրան է վստահվել Մադրասի հայերի ինքնավարության կանոնադրության շարադրումը։ Եռանդուն հասարակական գործունեություն է ծավալել Մադրասի հայ համայնքին առնչվող խնդիրների լուծման, ինչպես նաև Հայաստանի ազատագրության համար։ Վճռական դեր է խաղացել Մադրասի խմբակի ստեղծման գործում։ Նրա հայացքների ու գործունեության վրա մեծ ազդեցություն է գործել Մադրասում հաստատված Մովսես Բաղրամյանը։ 1771թ. Մադրասում հիմնել է հայկական տպարան, որտեղ հայ իրականության մեջ առաջին անգամ հրատարակվել են բուրժուալուսավորական գաղափարներով տոգորված հրապարակախոսական-քաղաքական գրքեր («Նոր տետրակ որ կոչի յորդորակ», «Որոգայթ փառաց»)։ 1773թ. հրատարակվել է «Որոգայթ փառաց» գիրքը, որն օտար լծից ազատագրելուց հետո ստեղծվելիք ապագա հայկական պետության կառավարման համար նախատեսված օրենքների ժողովածու էր։ Ըստ նրա, հայոց ապագա պետության բարձրագույն օրենսդիր մարմինը՝ «Հայոց տունը», պետք է կազմվեր ժողովրդի կողմից ընտրված պատգամավորներից։ Հայաստանում պետք է իշխեր օրենքը։ «Հայոց տունը» պարտավոր էր ստեղծել գործադիր իշխանություն (կառավարություն)։ Այդ նպատակով փոխանորդներից պետք է ընտրվեին տասներեք հոգի, որոնցից մեկը վիճակահանությամբ կարող էր դառնալ նախարար, իսկ մյուսները՝ նախարարի խորհրդակիցներ։ Նախարարը լինելու էր օրենքների առաջին կատարողը և զորքի գլխավոր հրամանատարը։ Հայաստանի բոլոր բնակավայրերը պետք է ունենային դպրոցներ։ «Որոգայթ փառաց» գիրքը սահմանադրական հանրապետություն ստեղծելու ծրագիր էր և հայ քաղաքական մտքի կարևոր նվաճումներից մեկը։ Կապեր է հաստատել հայ ազատագրական շարժման բոլոր աչքի ընկնող կենտրոնների հետ։ Ձգտել է ազատագրական շարժման մեջ ներգրավել նաև վրաց թագավոր Հերակլ Երկրորդին, գտնելով, որ հայ-վրացական ռազմական դաշինքն ամուր հենարան է՝ թուրք-պարսկական նվաճողներից Անդրկովկասն ազատագրելու և այն նրանց հետագա ոտնձգություններից պաշտպանելու համար։ Որպես հայ-վրացական դաշինքի խորհրդանշան, նա Հերակլ թագավորին ուղարկել է իր պատրաստած շքանշանը՝ ոսկե շղթայով ու թանկարժեք քարերով զարդարված։ Հետագայում սերտ կապեր է հաստատել նաև ռուսական արքունիքի, ինչպես նաև հայ ազատագրական շարժման գործիչներ Հովսեփ Արղությանի ու Հովհաննես Լազարյանի հետ։ 1780-ական թվականներին, երբ ռուս արքունիքը ծրագրում էր արշավել Անդրկովկաս, նա Ռուսաստանի և ապագա հայկական պետության միջև հարաբերությունները, ինչպես նաև Հայաստանում ստեղծվելիք կարգերը բնութագրող դաշնագրի նախագիծ է ներկայացրել ռուսական արքունիքին։ Ըստ այդ նախագծի, որը նաև նրա համախոհների հասարակական-քաղաքական հայացքների արտահայտությունն էր, ազատագրվող Հայաստանում պետք է հաստատվեր հանրապետական կարգեր։ Մահացել է Հնդկաստանի Մադրաս (այժմ՝ Չեննայ) քաղաքում: