Ծնվել է Թիֆլիսում: Եղել է աշուղ Քամալիի թոռնորդին, Շերամի հորեղբոր թոռը, աշուղ Ջամալու որդին, օպերային երգչուհի Մարիաննա Սեդմարի ամուսինը: 1901-13թթ սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, աշակերտել կոմպոզիտորներ Գրիգոր Սյունուն և Սպիրիդոն Մելիքյանին: 13 տարեկանից մեներգել է դպրոցի երգչախմբում: 1911թ. Շուլավերում, 1912թ. Թիֆլիսում տեղի են ունեցել երգչի առաջին մենահամերգները: 1912թ. Թիֆլիսում մասնակցել է Տ.Չուխաճյանի «Լեբլեբիջի Հոր-հոր աղա» կոմիկական օպերայի բեմադրությանը: Ճանաչվել է Հոր-հոր աղայի դերերգով: Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի) Ա.Տիգրանյանի «Անուշ» օպերայի առաջին ներկայացման մեջ կատարել է Սարոյի դերերգը: 1913-16թթ որպես երգեցողության ուսուցիչ և խմբավար աշխատել է Սուրբ Խաչ քաղաքում (այժմ՝ Բուդյոնովսկ, ՌԴ Ստավրոպոլի երկրամաս): 1916-17թթ սովորել է Պետրոգրադի կոնսերվատորիայում, աշակերտել Ս.Գաբելին և Կլինովսկուն, միաժամանակ երգել տեղի հայկական եկեղեցու երգչախմբում: Թիֆլիսի, Բաթումի, Երևանի և տեղի այլ քաղաքների հայկական թատերական փոքր, երբեմն էլ իր ստեղծած խմբերում հանդես է եկել որպես երգիչ-դերասան: 1923թ. կազմակերպել և ղեկավարել է Լենինականի օպերա-օպերետային խումբը (Հայկանուշ Դանիելյանի, Լևոն Իսեցկու, Ալեքսանդր Մելիք-Փաշաևիմասնակցությամբ): Բեմադրել է Գունոյի «Ֆաուստ», Ռուբինշտեյնի «Դևը», Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերաները, Կալմանի «Սիլվա» և այլ օպերետներ: 1927թ-ից բնակվել է Երևանում: Ստեղծել է «Հայ աշուղներ» ազգագրական անսամբլը, ներկայացրել Նաղաշ Հովնաթանի, Սայաթ-Նովայի, աշուղներ Շիրինի, Ջիվանու, Ջամալու, Շերամի և ուրիշների ստեղծագործություններից: 1932-33թթ մասնակցել է նաև Երևանի օպերայի և բալետի թատրոնի հիմնադրմանը: 1938թ. կազմակերպել է աշուղական երգի նոր անսամբլ, որը կոչվել է Սայաթ-Նովայի անունով: 1942թ. նրա ջանքերով ստեղծված Երևանի երաժշտական կոմեդիայի թատերախումբը բեմադրել է առաջին երաժշտական կատակերգությունները: Մուշեղ Աղայանի հետ գրի է առել, կազմել ու խմբագրել Սայաթ-Նովայի (1946թ., 1963թ.) և հավաքել ու կազմել Ջիվանու (1955թ.) երգերի առաջին նոտային ժողովածուները: Բնորոշ ու արտահայտիչ են նրա աշուղական, գյուղական ու քաղաքային ժողովրդական, հայ կոմպոզիտորների երգերի, միջնադարյան տաղերի կատարումները, որոնք նշանակալի տեղ են ունեցել նրա երգացանկում: Հիմնովին տիրապետել է եվրոպական վոկալ արվեստին ու բեմական վարպետությանը: 1933-54թթ եղել է Երևանի օպերայի և բալետի թատրոնի մեներգիչ, հանդես է եկել նաև մենահամերգներով: Հանդես է եկել հետևյալ օպերաներում` Ա.Տիգրանյանի «Անուշ» (Սարո, Մոսի), «Դավիթ Բեկ» (Դավիթ Բեկ), Տ.Չուխաճյանի «Արշակ Երկրորդ» (Արշակ, ԽՍՀՄ Պետական մրցանակ, 1946թ.), Հ.Ստեփանյանի «Լուսաբացին» (Գրիգոր), Գունոյի «Ֆաուստ» (Ֆաուստ), Բիզեի «Կարմեն» (Դոն Խոզե), Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ» (Ալմավիվա), Վերդիի «Տրավիատա» (Ժերմոն), «Ռիգոլետտո» (Ռիգոլետտո), «Աիդա» (Ամոնասրո), Չայկովսկու «Եվգենի Օնեգին» (Օնեգին), «Պիկովայա դամա» (Ելեցկի) և այլն: 1955թ. Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջին Վեհափառի ընտրության ծիսակատարությունների ժամանակ երգչախմբի հետ կատարել է պատարագի մեներգերը: 1956թ. կատարել է Մ.Եկմալյանի և Ն.Գալանդերյանի մինչ այդ չհնչած երգերից: Վերջին անգամ ելույթ է ունեցել նույն թվականին, Մոսկվայի Մեծ թատրոնում՝ հայկական արվեստի և գրականության երկրորդ տասնօրյակի եզրափակիչ համերգում: Եղել է Հայաստանի 1-2-րդ գումարումների Գերագույն սովետի դեպուտատ: Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի և Կարմիր աստղի շքանշաններով: 1935թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 1939թ.՝ Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: Շարա Տալյանի անունով կոչվել են փողոցներ Երևանում և Գյումրիում, երաժշտական դպրոց` Վանաձորում: