Ծնվել է Լվովում (այժմ՝ Ուկրաինայում): Ազգությամբ եղել է հայ։ Ավարտել է Կրակովի համալսարանը, այնուհետև սովորել է Բելգիայում, Իտալիայում և Ֆրանսիայում։ 1590թ. ստացել է ազնվականի, ապա՝ արքունական բանաստեղծի տիտղոս։ 1593-95թթ եղել է Ռեչ Պոսպոլիտայի զորքերի գլխավոր հրամանատարը։ Հիմնել է «Ակադեմիա Զամոյսկա» («Akademia Zamojska») բարձրագույն դպրոցը, որին նվիրել է իր հարուստ գրադարանը (1428 գիրք)։ Գրել է լեհերեն ու լատիներեն։ Հեղինակել է 20 հովվերգություն, որոնք ամփոփված են «Հովվերգություն» (1614թ.) լատիներեն ժողովածուում։ Դրանցից երկուսը հարսանեկան երգ է («Պսակադրություն», «Հեղինեի հարսանիքը»), մյուսները՝ հասարակ մարդկանց մասին պատմող դրամատիկական («Հովիվներ», «Պչրուհիներ», «Տարեդարձ» և այլն), էպիկական («Ալկոն») և քնարաէպիկական («Գեղջկուհիներ», 1614թ., շարք) մենախոսություններ ու երկխոսություններ։ Գրել է նաև «Ջոզեֆ Գաստուս» (1587թ.) ողբերգությունը, տրոյական պատերազմը նկարագրող «Պենտելեսիա» (1618թ., լեհերեն՝ 1778թ.) քնարադրամատիկական ստեղծագործությունը։ Լատիներեն լեզվով գրված «Castus Joseph» և «Pentesilea» դրամաների համար պարգևատրվել է Հռոմի պապ Կղեմես 8-րդի կողմից։ Մահացել է Լեհաստանի Զամոստյե քաղաքում: