Ստեղծագործել է Մեծ Հայքի Սյունիքի նահանգի Վայոց Ձոր գավառում՝ Պռոշյան իշխանի տան տիրույթներում: Ըստ պահպանված արձանագրությունների կառուցել է Հայաստանի Գոմուր (այժմ՝ ՀՀ Վայոց Ձորի մարզի Գոմք) գյուղի խաչքար-մատուռը (1263թ., Մխիթարի հետ), որի արևելյան ճակատի լուսամուտից վեր Պռոշյանների զինանշանն է՝ թևատարած արծիվ՝ խոյը ճանկերում: Նրա ձեռակերտն են նաև Վայոց ձորի մարզի Մարտիրոս գյուղի հիմնադրման 1283թ. գրանիտե (բարձրությունը՝ 3.35մ) գեղաքանդակ հուշարձան-խաչքարն ու աղբյուրը, եկեղեցին (որի բեկորների և խաչքարերի օգտագործումով 1866թ. կառուցվել և ներկայիս կանգուն եռանավ բազիլիկը) և Խաչի ձորի խաչքարը: Եղել է միջնադարյան Հայաստանի այն տաղանդավոր ստեղծագործողներից, որ հաջողությամբ զուգակցել է քանդակագործի և ճարտարապետի մասնագիտությունները։