Zark Foundation

Շուշան Պետրոսյան

Շուշան Պետրոսյան

Երգչուհի

Ծնվել է 1967թ. սեպտեմբերի 23-ին, Երևանում: Սովորել է Երևանի թիվ 172 միջնակարգ դպրոցում: 1987թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի գեղանկարի ֆակուլտետը, 1993թ.՝ Երևանի գեղարվեստի ակադեմիայի գրաֆիկայի ֆակուլտետը: 1989թ. առաջին անգամ բեմ է բարձրացել Փարիզում: 1989-91թթ աշխատել է «Արձագանք» թատրոն-ստուդիայում (Մետրո թատրոն)` որպես բեմի ու հագուստների ձևավորող: Ձևավորել է 3 ներկայացում` «Առասպելական հավերժություն», «Անտիգոնե», «Տերն ու ծառան»: 1991թ. առաջին անգամ ելույթ է ունեցել «Այո» շոու-ծրագրում: 1994-97թթ աշխատել է Հայաստանի երգի պետական թատրոնում, որտեղ եղել է առաջին սերնդի մենեգչուհիներից մեկը: 1996թ-ից եղել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի մենակատար: 2002-03թթ դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: Արժանացել է բազմաթիվ մրցանակների Հայաստանում և արտերկրում` «Շարմ Շոու» միջազգային փառատոնի գլխավոր մրցանակ (1993թ.), «Ասուպ» մրցանակաբաշխության «Տարվա լավագույն երգչուհի» (1996թ.), «Աստղ» երաժշտական փառատոնի «20-րդ դարի հայ աստղ» (2000թ.), ԱՄՆ «Անուշ» մրցանակաբաշխության «Լավագույն կին կատարող» (2000թ.), «Կռունկ» փառատոնի «Անկախ Հայաստանի լավագույն ձայն» (2004թ.), Լոս Անջելեսի հայկական երաժշտական մրցանակաբաշխության «Դիվա» մրցանակ (2009թ.) և այլն: 1998թ. «Շուշան Պետրոսյան» անվամբ Օրիոն համաստեղությունում աստղ են կոչվել: 2005թ. արժանացել է Բնության և հասարակության մասին միջազգային ակադեմիայի ակադեմիկոսի կոչման: Նկարահանել է ավելի քան 20 տեսահոլովակ: Թողարկել է «Իմ անուշ հայրենիք» (2001թ.), «Մտորումներ» (2003թ.), «Await Us Ararat» (2003թ.), «Հանրապետություն 15» (2007թ.), «The Best» (2007թ.) ձայնասկավառակները: Մասնակցել է Հայաստանում և արտասահմանում հայկական սփյուռքի ներկայացուցիչների համար կազմակերպված համերգների, հանդես է եկել մենահամերգներով: Հատկապես հայտնի է նրա երգած «Երազ իմ երկիր Հայաստան» և «Սպարապետ» երգերը: Վերջին երգը երգչուհին նվիրել է Վազգեն Սարգսյանին: 2012թ-ից Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է, որի միջոցով 2012-18թթ եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր: 2008թ. պարգևատրվել է Երևանի քաղաքապետարանի ոսկե մեդալով և ՀՀ պաշտպանության նախարարության «Վազգեն Սարգսյան» շքանշանով: 2006թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: