Zark Foundation

Պետրոս Նախիջևանցի

Պետրոս Նախիջևանցի

Բանաստեղծ, աստվածաբան, փիլիսոփա

28 մայիս, 1720 - 30 օգոստոս, 1787

Պետրոս Բերդումյանց, Աղամալյանց
Ծնվել է Նախիջևանում: Գրել սկսել է 1730-ական թվականներին, տարագրության մեջ՝ Կ.Պոլսում: Հինգ տարում Կ.Պոլսի Մայր դպրատան լրիվ դասընթացն ավարտելուց հետո (աշակերտել է Բաղդասար Դպիրին), 1740-ական թվականների վերջին, Կ.Պոլսի Հակոբ Նալյան հայոց պատրիարքի (1741-64թթ) օրոք ընդունել է հոգևոր կոչում՝ ձեռնադրվելով աբեղա։ Այնուհետև ուղարկվել է Ղրիմ՝ Սբ. Օգսենտի վանքը, որպես վանահայր և առաջնորդ։ Որոշ ժամանակ անց տեղափոխվել է Էջմիածին, իսկ 1759թ. Հակոբ Ե Շամախեցի Հայոց կաթողիկոսի ձեռամբ ձեռնադրվել է եպիսկոպոս։ 1759-62թթ եղել է կաթողիկոսի նվիրակը Կարինում, որտեղ լրացրել է իր ուսումը՝ ստանալով ասորական և լատինական կրթություն։ Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսի օրոք Էջմիածնում ծավալել է բեղմնավոր մանկավարժական գործունեություն։ Գրել է մի շարք աստվածաբանական և մեկնողական գործեր «ի յօգուտ մանկանց եկեղեցւոյ»: 1764թ. պատրաստ էր նրա ավետարանական առակների մեկնությանը նվիրված աշխատությունը, որը հայտնի է «Աղբիւր բացեալ» անվամբ։ 1769-73թթ Էջմիածնում գրել է իր աստվածաբանական, մեկնողական, փիլիսոփայական երկերի, քարոզների, աղոթքների մեծ մասը, որոնք հիմնականում նախատեսված էին Էջմիածնի Ժառանգավորաց դպրոցի աշակերտության համար։ Սակայն Սիմեոն Ա Երևանցու անբարյացակամ վերաբերմունքը (նույնիսկ բանաստեղծի երկերը այրելու հրաման է արձակել) զգալի ստվեր է գցել նրա գործունեության վրա։ Կաթողիկոսը նրան հեռացրել է Էջմիածնից և 1772թ. նշանակել կաթողիկոսության նվիրակ Եվդոկիա (Թոքատ) քաղաքում։ Այստեղ նա ավարտել է իր «Մեկնութիւն Յոբայ» երկը (1776թ.)։ 1777թ. վերադարձել է Էջմիածին, սակայն Եվդոկիայում նվիրակության ժամանակ թույլ տված վարչական սխալների պատճառով չկարողանալով Մայր աթոռին վճարել պահանջվող գումարը՝ վերջնականապես գժտվել է կաթողիկոսի հետ, հեռացվել միաբանությունից և բանտարկվել։ Եղբոր մահից հետո կտակի հետ կապված հարցերը լուծելու համար ազատ է արձակվել և 1778թ. ապրիլին մեկնել է Կ.Պոլիս՝ պայմանով, որ վերադառնալու է և որևէ վայրում առաջնորդ չի նշանակվելու։ Սակայն հակառակ Սիմեոն Ա Երևանցու կամքի, Կ.Պոլսի Զաքարիա Կաղզվանցի պատրիարքը ջերմ ընդունելություն է ցույց տվել նրան և նշանակել Եվդոկիայի հոգևոր առաջնորդ, բայց, հավանաբար, նա չի հասցրել պաշտոնը ստանձնել։ 1780թ. վախճանվել է Սիմեոն Ա Երևանցին, իսկ նոր կաթողիկոսը՝ Ղուկաս Ա Կարնեցին, բանաստեղծին հրավիրել է Էջմիածին։ 1782թ. նոյեմբերին վերադարձել է Մայր աթոռ և վերականգնվել Էջմիածնի միաբանության շարքերում։ 1783թ. ապրիլին նշանակվել է Կարինի առաջնորդ։ Կյանքի վերջին տարիների մասին գրեթե ոչինչ հայտնի չէ։ Եղել է 18-րդ դարի հայ կրոնաազգային բանաստեղծության նշանավոր դեմքերից, Բաղդասար Դպիրի և Պետրոս Ղափանցու գաղափարակիցը։ Նրա գրչին են պատկանում շուրջ 300 մեծ ու փոքր գրական ստեղծագործություններ՝ քնարական, պատմաքնարական պոեմներ, բանաստեղծություններ, երկտողյակներ ու քառյակներ, որոնք լայն տարածում են գտել ձեռագիր ընդօրինակություններով, նաև շուրջ 2 տասնյակ հատոր զանազան երկեր (մեծ մասն անտիպ, Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարան)։ Որպես աստվածաբան-փիլիսոփա ձգտել է լուծել երկնայինի և երկրայինի, իրականի և վերացականի միջև եղած հակադրությունը։ Այս հասկացությունները համերաշխելու հեղինակի ջանքերի մեջ արտացոլվել է 18-րդ դարի հայ կյանքը՝ իր մի շարք էական կողմերով։ Մահացել է Էջմիածնում, թաղված է Սբ. Գայանեի վանքի բակում: