Խաչատուր Ժերանյան
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Սեբաստիա քաղաքում: 1921թ. տեղափոխվել է Ֆրանսիա: Կրթություն է ստացել Մարսելի գեղարվեստի դպրոցում, Փարիզի Ժյուլիեն և Գրան Շոմիեր ակադեմիաներում: Նկարչի կտավների թեմատիկ, ժանրային, ոճական ընդգրկումը չափազանց լայն ու բազմազան է: Խիստ ընդհանրական կերպով միայն կարելի է ուրվագծել նկարչի նախապատվությունները` իրապաշտական, սեզանական-կուբիստական պատկերային մտածողությունից մինչև սյուրռեալիզմը: Նրա ինչպես գեղանկարչական, այնպես էլ գրաֆիկական ստեղծագործություններն արտահայտչական առումով վերին աստիճանի հագեցած են: Արվեստագետն ասես թափանցում է առարկաների, միջավայրի, զգացողությունների խորքը, մակերեսի միջով թափանցում էության մեջ: Աշխատանքներից են` «Ինքնադիմանկար» (1953թ.), «Անիի ավերակները» (1965թ.), «Ընկերները» (1967թ.), «Քրիստոսի մուտքը Անի» (1973թ.), «Լենինականի երկրաշարժը» (1988թ.), «Մարմարաշենի վանքը» (1992թ.), «Նորավանք» (1995թ.), «Հաղպատի վանքը» (2001թ.), «Տաթևի վանքը» (2002թ.), «Տրոյական ձի» (2002թ.), «Աղթամար» (2003թ.), բնապատկերներից են` «Փարիզի Նոտր-Դամը ձմռանը» (1956թ.), «Օնֆլյորի նավահանգիստը» (1958թ.), «Աշնանային բնապատկեր» (1958թ.), «Փարիզի կամուրջները» (1963թ.), «Նոտր-Դամի կամուրջները» (1963թ.), «Տաթևի վանքը» (1967թ.), «Անիի ավերակները» (1968թ.), «Նորմանդական բնապատկեր» (1982թ.), նատյուրմորտներից են` «Արևելյան ծաղկեփունջ» (1966թ.), «Իսպանական նատյուրմորտ» (1972թ.) և այլն: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել աշխարհի տարբեր քաղաքներում` Փարիզ, Մարսել, Բեյրութ, Թեհրան, Ժնև, Մյունխեն, Նյու Յորք, Վաշինգտոն, Դալլաս, Երևան, Գյումրի և այլն: Արժանացել է մի շարք մրցանակների, այդ թվում` Բնանկարի Հոնֆլյորի մրցանակի (1952թ.), Դովիլ քաղաքի Մեծ մրցանակի (1952թ.), Փարիզ քաղաքի արծաթե մրցանակի (1955թ.), Փարիզի Արվեստի և գրականության մրցանակի (1955թ.), Շատո դը Սկո (1956թ.), Պալե Ռոյալ (1957թ.), Բրյուսելի «Արվեստները Եվրոպայում» ցուցահանդեսի մրցանակի (1964թ.), Գծանկարի` Եվրոպայի 1-ին մրցանակի (Մոնակո, 1966թ.), Հայաստանի նկարիչների միության Մարտիրոս Սարյանի անվան մրցանակին (1987թ.) և այլն: 2011թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի: Մահացել է Փարիզում: