Ծնվել է 1984թ. ապրիլ 24-ին, Սան Ֆրանցիսկոյում։ Հինգ տարեկանից սովորել է նոտաներ և ջութակ նվագել։ Երաժշտության նրա ղեկավարը եղել է հայրը՝ Ժիրայրը (Ժերարդ), ով 1960-70-ական թվականներին աշխատել է Երևանի օպերային թատրոնի նվագախմբում՝ որպես ջութակահար։ 2004թ-ից սովորել է Միլանի Ջ.Վերդիի անվան կոնսերվատորիայում, որտեղ 2009թ. ստացել է մագիստրոսի աստիճան և մասնակցել «Լա Սկալա»-ի ակադեմիական ծրագրին։ Նրա ուսուցիչներն են եղել Ջանի Մաստինոն, Ադալբերտո Տոնինին, Վինչենցո Մանոն, Մագդա Օլիվերոն և Պաոլո Կավանելին: Երգչուհին յուրացրել է երգեցողության բելկանտո ոճը, երգացանկը համալրել իտալական, ֆրանսիական ու գերմանական օպերային արիաներով: 2010թ. Երևանում ելույթ է ունեցել Պլասիդո Դոմինգոյի հետ, որից հետո երգիչը նրան ընտրել է մասնակցելու 2011թ. Մոսկվայում կայացած համաշխարհային օպերային «Օպերալիա» մրցույթին։ Հանդես է եկել հետևյալ օպերային ներկայացումներում՝ «Մուրացկանների օպերա» (Լեդի Դի), Բ.Բրիտենի «Փոքրիկ ծխնելույզ մաքրողը» (Ռոզա), Ջ.Պուչչինիի «Բոհեմ» (Մուզետտա), Ջ.Ռոսինիի «Սինյոր Բրուսկինո» (Մարիաննա), Գ.Դոնիցետտիի «Սիրո ընպելիք» (Ադինա), Վ.Ա.Մոցարտի ,Ֆիգարոյի ամուսնությունը» (Կոնտեսսա) և այլն: 2013թ. Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կատարել է Անուշի դերը Ա.Տիգրանյանի «Անուշ» օպերայում: Համերգներով հանդես է եկել Իտալիայում, Ռուսաստանում, Ֆինլանդիայում և այլուր։ 2015թ. համերգով հանդես է եկել Արենա դե Վերոնայում՝ նվիրված Հայոց ցեղասպանության (1915թ.) 100-ամյակին: