Zark Foundation

Ռուբեն Հախվերդյան

Ռուբեն Հախվերդյան

Երգիչ, երգահան, կիթառահար

Ծնվել է 1950թ. դեկտեմբերի 3-ին, Երևանում: Գրականագետ, թատերագետ Լևոն Հախվերդյանի որդին է: 1958-66թթ սովորել է Երևանի Ե.Չարենցի անվան թիվ 67 միջնակարգ դպրոցում, 1959թ.՝ Երևանի Ա.Սպենդիարյանի անվան մանկական երաժշտական դպրոցում: 1966թ. տեղափոխվել է Երևանի թիվ 144, 1967թ.՝ Երևանի Մ.Գորկու անվան միջնակարգ դպրոց, 1967թ. վերադարձել է թիվ 144 դպրոց: 1969թ. ավարտել է Երևանի Վ.Տերյանիանվան թիվ 3 հեռակա միջնակարգ ինտերնացիոնալ դպրոցի հայկական բաժինը: 1971թ. 2-ամսյա պրակտիկա է անցել Մոսկվայի Սատիրայի թատրոնում՝ Մարկ Զախարովի մոտ: 1975թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Հայաստանում հեղինակային երգի սկզբնավորողներից է: 1968-87թթ աշխատել է հայկական հեռուստատեսությունում՝ որպես ռեժիսոր: Առաջին հեռուստաբեմադրությունը եղել է Շտոկի «Սատանայի ջրաղացը» (1975թ., հայկական առաջին գունավոր տեսագրությունը, երգերի հեղինակ): Այլ բեմադրություններից են՝ Մ.Մետեռլինքի «Սուրբ Անտոնիոսի հրաշագործությունը» (1983թ.), Ե.Շվարցի «Վիշապը» (1985թ.), Կ.Յանչոշեկի «Պաշտոնի բարձրացում» (1986թ.) և այլն: Ի.Դրուցեի «Սրբություն սրբոց» պիեսը բեմադրել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, իսկ Հ.Մաթևոսյանի «Կայարան» պիեսը` Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: 1985թ. Փարիզում հեղինակել է առաջին ձայնասկավառակը` «Սիրո և հույսի երգեր»: Հետագայում թողարկել է նաև «Կեսգիշեր» (1993թ.), «Ճակատագիր» (1994թ.), «Երգը նաև աղոթք է» (1996թ., Հ.Փամբուկչյանի հետ), «Սա Երևանն է» (1997թ.), «Երևանի գիշերներում» (1997թ.), «Ռուբեն և Լիլիթ» (1999թ., ԼՊիպոյանի հետ), «Ռուբեն Երևանցի» (2000թ.), «Երգ» (2000թ.), «0-ից 100 տարեկան երեխաներին» (2002թ.), «Զատիկ» (2007թ.) և այլ ձայներիզներ ու աուդիոերիզներ: Երգացանկից հայտնի են` «Նավակ», «Ձյունը», «Շները», «Սա Երևանն է», «Երևանի գիշերներում», «Մեր սիրո աշունը», «Իմ փոքրիկ ընկեր», «Իրիկուն», «Եթե իմանայիր», «Հին ընկեր», «Գիշերվա աստղազարդ նկարում», «Բարի լույս, տիկին Արուս», «Երազ», «Շատախոս անձրևը» և այլ երգեր: 1996թ. ստեղծել է «Իմ տունն անիվների վրա» համերգ-ներկայացումը, ինչպես և մանկական բազմաթիվ երգեր: Գրել է կինոերաժշտություն: Նկարահանվել է «Քամին ունայնության» (1989թ.), «Անվերջ վերադարձ» (2009թ.) գեղարվեստական ֆիլմերում: Նույն թվականին Պրահայում հրատարակվել է հեղինակային երգի սովետական ներկայացուցիչների ստեղծագործությունների «Ատլանտներն են պահում երկինքը» ժողովածուն, որում ընդգրկված են նաև նրա երկու լուսանկար և երեք երգ: Համերգներով հանդես է եկել Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Հարավսլավիայում, Իտալիայում, Լիբանանում, Ռուսաստանում, Բելգիայում, Գերմանիայում, Իրանում, Սիրիայում, Կանադայում, Հայաստանի մի շարք մարզերում և Արցախում: 2008թ. նրա «0-ից 100 տարեկան երեխաների համար» ձայնասկավառակն արժանացել է Թեքեյան մշակութային միության «Արա և Մարալ» ամենամյա մրցանակաբաշխության մանկապատանեկան լավագույն ստեղծագործության համար մրցանակին: 1998թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» շքանշանի, 2006թ.՝ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի: