Zark Foundation

Ռուբեն Սևակ

Ռուբեն Սևակ

Բանաստեղծ, արձակագիր, բժիշկ

15 փետրվար, 1885 - 26 օգոստոս, 1915

Ռուբեն Չիլինկիրեան
Ծնվել է Կոստանդնուպոլսի Սիլիվրի գյուղում: Սովորել է ծննդավայրի Ասքանազյան նախակրթարանում, այնուհետև՝ Պարտիզակի ամերիկյան վարժարանում (մինչև 1901թ.)։ 1905թ. ավարտել է Կ.Պոլսի Պերպերյան վարժարանը, 1911թ.՝ Լոզանի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1911-14թթ աշխատել է Լոզանի հիվանդանոցներից մեկում։ Նրա առաջին բանաստեղծությունը («Բաժանման խոսքեր») տպագրվել է 1905թ., «Մասիս» հանդեսում։ 1910թ. հրատարակվել է նրա «Կարմիր գիրքը» բանաստեղծությունների ժողովածուն, որտեղ ամփոփված «Ջարդի խենթը», «Թրքուհին», «Մարդերգություն» պոեմները։ Բանաստեղծը նպատակ է ունեցել ի մի հավաքել տարբեր շրջաններում գրած իր բանաստեղծությունները և հրատարակել «Սիրո գիրքը», «Քաոսը», «Վերջին հայերը» խորագրով ժողովածուներ, սակայն ողբերգական մահն անկատար է թողել նրա այս և շատ ուրիշ մտահղացումներ: Գրողի գործերը ցրված են մնացել պարբերականների էջերում («Մասիս», «Բյուզանդիոն», «Ոստան», «Արևելյան մամուլ», «Գեղունի», «Բազմավեպ», «Արագած», «Վերածնունդ», «Ամենուն տարեցույցը», «Ամենուն տարեգիրքը» և այլն)։ Նրա ստեղծագործությունը վերաբերում է որպես հայկական նեոռոմանտիզմ բնութագրվող գրական ուղղությանը, սակայն աշխարհայացքով, գեղարվեստական մտածողությամբ ու ոճով ինքնուրույն տեղ է գրավում 20-րդ դարի սկզբի արևմտահայ գրական շարժման մեջ։ Գրել է սիրո, բնության, սոցիալական, ազգային-հայրենասիրական թեմաներով։ Սոցիալական անարդարության, բողոքի և ընդվզման գաղափարը գեղարվեստական մեծ ուժով արտահայտված է «Դրամին աղոթքը» (1907թ.), «Կարմիր դրոշակը» (1909թ.) բանաստեղծություններում և «Այս դանակը» (1909թ.), «Թրուպադուրները» (1910թ.), «Փողոց ավլողը» (1911թ.), «Մարդերգություն» (1909թ.) պոեմներում, որոնք արևմտահայ պոեզիայում այս թեմայով ստեղծված լավագույն ու ինքնատիպ գործերից են։ Արմատական դեմոկրատիզմի դիրքերից բանաստեղծը բացահայտել է բուրժուական հասարակության խոցերը, ցույց տվել աշխատավոր մարդու սոցիալական ողբերգությունը և ընդվզումը՝ փայփայելով «զրկված մարդկության բարի երազը»՝ ազատ ու արդար աշխարհի մասին։ Նրա ազգային-հայրենասիրական բանաստեղծություններն ու պոեմները գրված են 1909թ. կիլիկյան ջարդերի անմիջական տպավորության տակ։ «Զանգակնե՜ր, զանգակնե՜ր» (1909թ.), «Ով իմ հայրենիքս» (1909թ.), «Հայաստան» (1909թ.) և այլ քերթվածներում, որ իրավամբ դրվում են Սիամանթոյի և Դանիել Վարուժանի ստեղծագործությունների կողքին, բարձրացված է ժողովրդի, ողբերգական ճակատագրի թեման։ Առավելապես հայտնի է եղել որպես քնարերգու բանաստեղծ։ Այդպիսին է մնում անգամ «Մարդերգություն» և «Թրուպադուրները» պոեմներում։ Շարունակելով հայ սիրային քնարերգության ավանդույթները՝ ստեղծել է սիրո երգերի մի ամբողջ շարք («Երգ երգոց», 1908թ., «Գինով սեր», 1908թ., «Եկուր», 1911թ., «Ինչո՞ւ», 1911թ., «Սիրո և մահվան երգը», 1912թ. և այլն), որն աչքի է ընկնում զգացմունքի նրբությամբ ու խորությամբ, արտահայտչական միջոցների թարմությամբ։ Նրա պոեզիային բնորոշ են լեզվի մաքրությունն ու հարստությունը, տաղաչափական արվեստի բազմազանությունը, երաժշտականությունը։ Գրողի արձակ գործերը, ժանրային իմաստով, բազմազան են՝ հոդվածներ, պատմվածքներ, հանրամատչելի զրույցներ, քնարական խորհրդածություններ։ 1911-14թթ հիվանդանոցում աշխատելիս բանաստեղծն ականատես է եղել մարդկային բազմատեսակ ողբերգությունների, որոնց ետևում նշմարել է հասարակության բարոյական պատկերը ներկայացնող կենսական խոր դրամա։ Այդ էլ ընկած է «Բժիշկին գիրքեն փրցված էջեր» (1913թ.) գրքի պատմվածքների հիմքում, դրանք բժշկի օրագրություններ են, որտեղ հեղինակը կենդանի ու բնական գույներով ներկայացրել է ստացական ախտերի ամբողջ սարսափը՝ ատելություն ու նողկանք առաջացնելով դրանց նկատմամբ («Ապրիլը հաղթել է», 1913թ., «Կռունկը», 1913թ., «Ահավոր տարակույսը», 1914թ., «Հարսերուն գաղտնիքը», 1914թ. և այլն)։ Այս գործերում առանձին հստակությամբ է ուրվագծվում հայրենասեր և հումանիստ բանաստեղծի քաղաքացիական բարձր նկարագիրը։ Գրողն արեմտահայ գրականության պատմության մեջ ըստ էության ստեղծել էր արձակի նոր ժանր։ Թարգմանել է Լըկոնտ դը Լիլի, Հ.Հայնեի բանաստեղծություններից։ 1915թ. որպես զինվորական բժիշկ Լոզանից վերադարձել է Կ.Պոլիս և զորակոչվել թուրքական բանակ: Եղել է Հայոց Ցեղասպանության զոհ: Ձերբակալվել և աքսորվել է թուրքական Չանղըր բնակավայր, որտեղ բուժել է մի թուրք աղջկա, ով սիրահարվել էր նրան: Աղջկա հայրը փորձել է համոզել գրողին մահմեդականություն ընդունել, ամուսնանալ աղջկա հետ և փրկվել անխուսափելի սպանությունից, սակայն բանաստեղծը հրաժարվել է` հավատափոխությունը համարելով ազգադավություն: Աքսորի ճանապարհին նահատակվել է այն խմբի հետ, որի մեջ էին նաև Դանիել Վարուժանը, Սիամանթոն և ուրիշներ։ Բանաստեղծի եղբորորդի Հովհաննես Չիլինկիրյանի հովանավորությամբ` Ռուբեն Սևակի հիշատակի տուն է հիմնադրվել Ֆրանսիայի Նիս քաղաքում: Երևանում Սևակի անունով կոչվել են փողոց և դպրոց, որի առջև տեղադրվել է նրա կիսանդրին: