Հանրագիտարան
Սահակ Սահակյան
Երգիչ
Ծնվել է ՌԴ Կրասնոյարսկի մարզում (աքսորավայրում)՝ աշուղ Դվալի Մկրտչի ընտանիքում: Հայրը՝ Դվալի Մկրտիչը (Մկրտիչ Սահակյան) 1937թ. 10 տարվա ծանր աքսորից վերադառնալուց հետո երկրորդ անգամ, արդեն ընտանիքով, մինչև 1954թ. կրել է սիբիրյան սառնաշունչ աքսորավայրի զրկանքներն ու սարսափները։ 1968թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ, իսկ 3-րդ կուրսից ընտրել է կենսաֆիզիկայի ճյուղը։ Համալսարանն ավարտելուց հետո, սպայի կոչմամբ ծառայել է խորհրդային բանակում։ Զինվորական ծառայությունից վերադառնալով զբաղվել է մասնագիտական գործունեությամբ։ 1985թ. Մոսկվայում հաջողությամբ պաշտպանել է թեզը՝ ստանալով քիմիական գիտությունների թեկնածուի կոչում։ Նույն թվականից աշխատել է քիմռեակտիվների համամիութենական ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող։ Համալսարանական տարիներին երգել է Հովհաննես Չեքիջյանի ուսանողական երգչախմբում։ 1982-83թթ մասնակցել է «Մարաթուկ», այնուհետև՝ «Գանձասար» համույթների ստեղծմանը՝ հանդես գալով որպես մենակատար, իսկ 1987թ․ դարձել է «Գանձասար» ավանդական երգի-պարի համույթի ղեկավարը։ 1989թ. Հայաստանի ժողգործիքների պետական անսամբլի ղեկավար Հենրի Մանգասարյանի հրավերով որպես մենակատար հանդես է եկել այդ նվագախմբում, որտեղ այն ժամանակ երգում էին Ֆլորա Մարտիրոսյանը, Լևոն Իսպիրյանն ու Ռուբեն Սահակյան: 1970-ական թվականներից հավաքագրել է բազմաթիվ ազգային երգեր, որոնք խորհրդային ժամանակաշրջանում արգելված են եղել և հնչեցրել դրանք տարբեր առիթներով։ 1988թ. նրա կատարմամբ ազգային, հայրենասիրական և ֆիդայական երգերը իբրև ռազմակոչ հնչել են Երևանի Ազատության հրապարակից, Մատենադարանից, Վարդան Մամիկոնյանի արձանի պատվանդանից, ինչպես նաև հեռարձակվել հեռուստատեսությամբ։ Ղարաբաղյան ազատամարտի օրերին ընկերների հետ քիմիական գործարանում ձեռնարկել են զինամթերքի պատրաստում, որը հաճախ ինքն է հասցրել Ղարաբաղ: Եղել է Ստեփանակերտի, Շուշիի, Մարտունիի տարբեր ճակատներում և խրամատներում, իր հուժկու ձայնով ոգեշնչել է մարտիկներին, վարակել նրանց ֆիդայիների հերոսականությամբ և հայրենիքին նվիրվելու վճռականությամբ։ Պատերազմի տարիներին և հետո նրա երգացանկում ավելացել են երգեր ղարաբաղյան պատերազմի հերոս նահատակների՝ Մովսեսի, Թաթուլի, Շահենի և այլոց մասին, նաև իր հեղինակությամբ գրված երգեր՝ «Շահենին», «Շահումյանի ֆիդայիներին», «Լուսինը ալ կարմիր է հագել» և այլն։ Անմոռանալի է հատկապես 1992թ. Ստեփանակերտի հրապարակում նրա մենահամերգը, երբ պատերազմի թեժ պահին հոգեկան ծանր վիճակում գտնվող ղարաբաղցիները և ազատամարտիկները հորդառատ անձրևի ու զենքերի շաչյունի ներքո համառորեն մինչև վերջ կանգնած մնացին՝ ունկնդրելով նրա մարտական ոգևորող երգերը։ 40 տարուց ավելի նրա շուրթերից հնչել է ազգային երգը Հայաստանում և սփյուռքում։ Համերգներով հանդես է եկել աշխարհի մոտ 30 երկրներում։ Երգել է տարբեր ժանրերում՝ ռոմանս, դասական, աշուղական, ժողովրդական, ազգային-հեղափոխական։ Թողարկել է ձայնասկավառակներ՝ «Հարատև պայքար», «Ազգային քայլերգեր», «Ընտրանի» և այլն: 1990-ական թվականներից հանդես է եկել բազմաթիվ հարցազրույցներով և հոդվածներով՝ նվիրված հայ երգարվեստի մաքրությանը, ազգային երգերի ճշգրիտ կատարմանը։ 2008թ․ հիմնադրել է «Լուսակն» ամսագիրը և որպես խմբագիր մի քանի տարի հրատարակել այն։ 2014թ. լույս է տեսել նրա «Հայոց ազատամարտը երգերում» ինքնատիպ երգարանը, որտեղ ներկայացվել է պատմական մի մեծ ժամանակահատված՝ սկսած Ավարայրից մինչև ղարաբաղյան ազատամարտը։ Այն ներառում է ազգային ու հեղափոխական 100 երգ և նվիրված է հայոց ցեղասպանության 100-ամյակին։ 2020թ․ արժանացել է ՀՀ Երախտագիտության մեդալի։ Մահացել է Երևանում։