Zark Foundation

Սարգիս Խաչատուրյան

Սարգիս Խաչատուրյան

Գեղանկարիչ

9 օգոստոս, 1886 - 4 մարտ, 1947

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Մալաթիա քաղաքում: Սովորել է Կարինի Սանասարյան վարժարանում, 1908-11թթ` Հռոմի գեղարվեստի ինստիտուտում, 1912-14թթ` Փարիզի դեկորատիվ արվեստների դպրոցում: 1915թ. Հայոց Մեծ եղեռնի արհավիրքներից փրկվելով` անցել է Անդրկովկաս, ականատես է եղել մայր ժողովրդի ողբերգությանը, որը դարձել է նրա ստեղծագործության հիմնական թեման: Հովհաննես Թումանյանը, Անդրանիկը և ուրիշներ նրան անվանել են «Հայոց վշտի երգիչ»: 1917թ-ից անդամակցել է Թիֆլիսի Հայ արվեստագետների միությանը: Եղել է Սովետական Հայաստանի առաջին փոստանիշերի հեղինակը: 1920-ական թվականների 1-ին կեսի գործերը մեծ մասամբ նվիրված են Հայաստանի բնությանը, տոնախմբություններին, գաղթականությանը` «Արարատը Երևանից», «Գաղթական կանայք», «Ճաշի բաժանումը», «Բամբակահավաքը Արարատյան դաշտում», «Հայ որբերն անապատում», «Հայ գաղթականներ», «Վարագա վանքի տոնը», «Սևանա կղզու եկեղեցիները»: Տոնախմբությունները պատկերված են գունագեղ և շարժումով լի, ուր հմտորեն զուգորդված են ազգային տարազների, ճարտարապետական հուշարձանի հնագիտական և գեղանկարչական արժեքները: Նկարիչը ձգտել է դասական, մասնավորապես իտալական արվեստի սկզբունքները համադրել իմպրեսիոնիստական գեղագիտական ըմբըռնումներին, հատկապես` լրացուցիչ գույնի և լույսի դերի հարցում: 1924թ. Վիեննայամ հրատարակել է «Արմենիա» ալբոմը: Եղել է իտալական ինտերնացիոնալ արվեստագետների և Վիեննայի գեղարվեստագետների միության անդամ, «Անի» հայ արվեստագետների ընկերության հիմնադիր անդամներից և քարտուղարը: Այս շրջանում նրա ստեղծագործության մեջ գերիշխող է դարձել դիմանկարը` «Վավան սեղանի մոտ», Քելեկյանի դիմանկարը և այլն: 1931թ. Իրանի կառավարության հրավերով մեկնել է Սպահան` վերականգնելու Սեֆյան շրջանի որմնանկարները, միաժամանակ կատարել պատճենահանումներ, որոնք ցուցադրել է Փարիզում և Եվրոպայի այլ քաղաքներում: 1934թ. հիմնադրել է Նոր Ջուղայի հայկական արվեստի թանգարանը: 1937թ. առաջինն է ձեռնամուխ եղել Հնդկաստանի և Ցեյլոնի 6-12-րդ դարերի վիմափոր տաճարների` արվեստագիտությանն անհայտ, անմատչելի որմնանկարների պատճենահանմանը: 1942թ. հնդկական և ցեյլոնյան որմնանկարների պատճենները ցուցադրվել են Լուվրում և Ամերիկայի բազմաթիվ քաղաքներում: Հնդկական մշակույթի այդ մեծարժեք գործերը նրա շնորհիվ հայտնություն եղան և հարստացրին համաշխարհային արվեստի գանձարանը: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Կոստանդնուպոլիսում, Փարիզում, ինչպես և Եգիպտոսի, Իտալիայի, Նիդերլանդների, Անգլիայի և ԱՄՆ-ի բազմաթիվ քաղաքներում: Նրա ստեղծագործությունները պահվում են Փարիզի, Լոնդոնի, Վիեննայի, Բրյուսելի, Նյու Յորքի, Թբիլիսիի և այլ թանգարաններում, Հայաստանի ազգային պատկերասրահում: Երևանում 1971թ. ցուցադրվել են հնդկական և ցեյլոնյան որմնանկարների պատճենները, որոնք նկարչի այրին` նկարչուհի Վավա Խաչատուրյանը, նվիրել է Հայաստանի ազգային պատկերասրահին: Մահացել է Փարիզում, 1977թ. աճյունը տեղափոխվել և թաղվել է Երևանում: