Սարգիս Տեր-Կասպարյան
Ծնվել է Շուշիում: 1902թ. ավարտել է Լայպցիգի առևտրական ինստիտուտը, 1904թ.՝ Բեռլինի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը և ստացել առևտրական գիտությունների ու փիլիսոփայական գիտությունների թեկնածու գիտական աստիճաններ: Հեղափոխական շարժմանը մասնակցել է 1890-ական թվականներից: 1903-04թթ հարել է Հնչակյան կուսակցության ձախ թևին: 1905-06թթ մասնակցել է ՌՍԴԲԿ Բաքվի կոմիտեի հայկական մասի ստեղծմանը և Բաքվում ու Թիֆլիսում լույս տեսնող «Բանվորի ձայն», «Կայծ», «Նոր խոսք» բոլշևիկյան հայերեն թերթերի խմբագրմանն ու հրատարակմանը: Ս.Սպանդարյանի հետ Թիֆլիսում կազմակերպել է «Լիստոկ կոպեյկա» (1910թ.) և «Տրուդովայա կոպեյկա» (1911թ.) օրինական թերթերի հրատարակումը: 1912-14թթ եղել է Անդրկովկասի բոլշևիկյան կազմակերպությունների ղեկավարներից և նամակագրական սերտ կապեր է ունեցել Վ.Լենինի ու Ն.Կրուպսկայայի հետ: 1914թ. հունվարին Բ.Բորյանի և ուրիշների հետ Թիֆլիսում հրատարակել է «Մեր խոսքը» բոլշևիկյան շաբաթաթերթը: 1914-17թթ եղել է Աստրախանի և Վոլոգղայի աքսորավայրերում: 1917-20թթ եղել է ՌԿ(բ)Կ Կովկասյան երկրային կոմիտեի անդամ, իսկ 1919-20թթ՝ կոմիտեի քարտուղարը: Ղեկավար մասնակցություն է ունեցել Հայաստանի բոլշևիկյան կազմակերպությունների սեպտեմբերյան գաղտնի խորհրդակցությանը (1919թ.) և առաջին անլեգալ կոնֆերանսին (1920թ. հունվար), ընտրվել է Արմենկոմի նախագահ, իսկ 1920թ. նոյեմբերից՝ հեղկոմի նախագահ: Նրա ստորագրությամբ է հրապարակվել Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելու վերաբերյալ պատմական դեկլարացիան: 1921թ. մասնակցել է Կոմինտերնի 3-րդ կոնգրեսին: 1924-27թթ եղել է Անդրկովկասյան կոմունիստական համալսարանի ռեկտորը, 1927-31թթ՝ Անդրֆեդերացիայի և ՀԽՍՀ Կենտգործկոմների նախագահը: 1931-34թթ վարել է Անդրֆեդերացիայի Գերագույն դատարանի նախագահի պաշտոնը; Եղէլ է ՀամԿ(բ)Կ 16-րդ համագումարի պատգամավոր: Հարուստ տեսական ժառանգություն է թողել: Նրա «Ո՞ւր է ելքը» (1919թ.) աշխատությունը բովանդակում է հայ ժողովրդի ազատագրության պրոլետարական հեղափոխական ուղու հիմնավոր գիտաքաղաքական վերւուծությունը: Գերմաներենից հայերենի է թարգմանել Կ.Մարքսի և Ֆ.Էնգելսի «Կոմունիստական կուսակցության մանիֆեստը» (1927թ.) և Ֆ.Էնգելսի «Կոմունիզմի սկզբունքները» (1930թ.): Դարձել է ստալինյան ռեպրեսիաների զոհ, անհիմն բռնադատվել է Երևանում, 1955թ. (հետմահու) արդարացվել։ Սարգիս Կասյանի անունով փողոց կա Երևանում։