Zark Foundation

Սարգիս Հարությունյան

Սարգիս Հարությունյան

Բանասեր, ազգագրագետ

22 սեպտեմբեր, 1928 - 28 հունվար, 2019

Ծնվել է ՀՀ Ղազանչի գյուղում (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզում): Մինչև 5-րդ դասարանը սովորել է հայրենի գյուղում, այնուհետև տեղափոխվել Թբիլիսի, որտեղ ավարտել է միջնակարգ կրթությունը: 1947թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի արևելյան լեզուների և գրականության բաժին: Գերազանց առաջադիմության համար արժանացել է Ս.Մալխասյանցի և Ա.Իսահակյանի անվան կրթաթոշակների: 1952թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը: 1952-56թթ եղել է Հայպոլիգրաֆհրատի տեսուչ, 1959-60թթ՝ ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, 1960-62թթ՝ ՀՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող: 1962թ-ից աշխատել է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում, որտեղ 1992թ-ից եղել է տնօրենի տեղակալը: 1975թ-ից դասավանդել է Երևանի պետական, 1998թ-ից՝ Գավառի պետական համալսարաններում: 2006թ-ից եղել է «Պատմաբանասիրական հանդեսի» գլխավոր խմբագիրը: Ուսումնասիրել է հայ ժողովրդական բանահյուսության ժանրերը, կազմել և հրատարակել է հանելուկների գիտական համահավաք ժողովածու: Լույս են տեսել նրա «Հայ ժողովրդական հանելուկներ» (1960թ., 1965թ.), «Մանուկ Աբեղյան. կյանքը և գործը» (1970թ.), «Անեծքի և օրհնանքի ժանրը հայ բանահյուսության մեջ» (1975թ.) մենագրությունները: Հավաքել, ուսումնասիրել և հրատարակել է հայկական էպոսի նոր պատումներ («Սասնա ծռեր», 1977թ., «Սասնա ծռեր», հ.3, 1979թ., Ա.Սահակյանի աշխատակցությամբ) և համահավաք բնագիրը («Սասունցի Դավիթ», 1981թ.), զգալի աշխատանք է կատարել հայ առասպելաբանության ուսումնասիրության, հայ ժողովրդական խաղիկների գիտական համահավաքի և հայ բանահյուսության արխիվի գլխավոր կատալոգի կազմման գործում: Հրատարակվել են նրա «Հայ հին վիպաշխարհը» (1987թ.), «Հայ առասպելաբանություն» (2000թ.), «Հին հայոց հավատալիքները, կրոնը, պաշտամունքն ու դիցարանը» (2001թ.): 1971թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: 1989թ-ից եղել է Միջազգային զրուցագիտության ընկերության անդամ, 2000թ-ից՝ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ: 1994թ. պարգևատրվել է համազգային կրթամշակութային հաստատության մրցանակով: 2009թ. արժանացել է Հայաստանի գիտության վաստակավոր գործչի կոչման, 2013թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի: Մահացել է Երևանում: