Zark Foundation

Սերժ Ավետիքյան

Սերժ Ավետիքյան

Դերասան, կինոռեժիսոր

Ծնվել է 1955թ. դեկտեմբերի 1-ին, Երևանում: Սովորել է Երևանի ֆրանսիական դպրոցներից մեկում: 1970թ. տեղափոխվել է Ֆրանսիա, որտեղից ժամանակին նրա ծնողները եկել էին Հայաստան: Սովորել է Ֆրանսիայի Մյոդոնի դրամատիկական արվեստի բարձրագույն դպրոցում, այնուհետև հիմնել է թատերախումբ և ստեղծել բազմաթիվ ֆիլմեր: Թատրոնի, կինոյի և հեռուստատեսության դերասանի նրա կարիերան սկիզբ է առել 1978թ., երբ նկարահանվել է «Մենք միակ մարդիկ էինք» ֆիլմում: 1982թ-ից սկսել է նկարահանել վավերագրական, 1990թ-ից` կարճամետրաժ և միջին տևողության ֆիլմեր: Մինչև 2000թ. նրա ֆիլմերի մեծ մասն արտադրել է սեփական կինոընկերությունը: Նկարահանել է նաև այլ ընկերությունների թողարկած մի շարք անիմացիոն, խաղարկային և վավերագրական գործեր: Նկարահանած ֆիլմերից են` «Սիրո պատմություն. Կոլոմբ և Ավետիս» (1981թ.), «Հետդարձ չկա» (1982թ., Ժակ Քեբադյանի հետ), «Ի՞նչ են դարձել ընկերներս» (1984թ.), «Ես արևին լավ գիտեմ» (1989թ., Ժակ Քեբադյանի հետ), «Բարի օր, պարոն» (1992թ.), «Առաքելությունն իրագործված է» (1993թ.), «Հինգերորդ երազանքը» (1994թ.), «Ցտեսություն, տիկին» (1996թ.), «Պարոնայք, տիկնայք» (1997թ.), «Lux aeterna» (1999թ., Լևոն Մինասյանի հետ), «Terra emota» (2000թ., Լևոն Մինասյանի հետ), «Կյանքի գիծը» (2001թ.), «Երկու ցցափայտի միջև» (2002թ.), «Իրինա Բրուք. վարակիչ հաճույք» (2003թ.), «Ամուսնական սեր» (2004թ.), «Մի գեղեցիկ առավոտ» (2005թ.), «Մենք նույն ջուրն ենք խմել» (2006թ.), «Երիտասարդ ենք եղել» (2008թ.), «Անհնազանդություն 1» (2008թ.), «Շների կղզին» (2010թ.), «Շների պատմությունը» (2011թ.), «Փարաջանով» (2013թ., Օլենա Ֆետիսովայի հետ) և այլն: Խաղացել է բազմաթիվ ֆրանսիական և հայկական ֆիլմերում` «Մենք միակ մարդիկ էինք» (1978թ.), «Կարմիր պուլովեր» (1979թ.), «Խալտերոֆլիկ» (1982թ.), «Փղի ուղղահայացը» (1984թ.), «Լուսաբաց» (1985թ.), «Կարմիր նվագախումբ» (1989թ.), «Շների կղզիների գանձարանը» (1989թ.), «Մայրիկ» (1991թ.), «Գողացված տետրակ» (1991թ.), «Լաբիրինթոս» (1995թ.), «Ուռա հարսնացուին և Քուրդիստանի ազատագրմանը» (1997թ.), «Անհետ կորածները» (1997թ.), «Հիշողություն» (1998թ.), «Փարիզ, իմ փոքրիկ մարմինը հոգնել է այս բարձր հասարակությունից» (1999թ.), «Արամ» (2001թ.), «Կեցցե Լալջերեն» (2003թ.), «Գաղտնի գործակալներ» (2003թ.), «Ճանապարհորդություն դեպի Հայաստան» (2006թ.), «Խճճված զուգահեռներ» (2009թ.), «Հանցագործների բանակ» (2009թ.), «Գեղեցիկ կյանք» (2009թ.), «Փեսացուն կրկեսից» (2011թ.), «Փարաջանով» (2013թ.), «Մի խելագարի պատմություն» (2015թ.), «Անավարտ թռիչք» (2015թ.) և այլն: Գրել է նաև մի շարք ֆիլմերի սցենարներ, հանդես եկել որպես պրոդյուսեր, արժանացել բազմաթիվ մրցանակների, պարգևների: 2005թ. «Ոսկե Ծիրան» երևանյան կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» անվանակարգում «Հիասքանչ մի առավոտ» ֆիլմն արժանացել է ժյուրիի հատուկ դիպլոմի: 2010թ. «Շների կղզին» անիմացիոն ֆիլմի համար արժանացել է Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղին»: 2014թ. արժանացել է ՀՀ Պետական մրցանակի` «Փարաջանով» ֆիլմի համար: