Zark Foundation

Սիմոն Գաբամաճյան

Սիմոն Գաբամաճյան

Բառարանագիր

30 հունիս, 1863 - 29 մարտ, 1942

Ծնվել է Կոստանդնուպոլսում։ Կրթությունն ստացել է տեղի Սբ. Խաչ վարժարանում, ապա Սկյուտարի ճեմարանում, աշակերտելով բանաստեղծ Սիմոն Ֆելեկյանին։ Գրել է բանաստեղծություններ, որոնք լույս են տեսել Գևորգ Այվազյանի «Մամուլ» երգիծաթերթում։ 1880-85թթ պաշտոնավարել է Սկյուտարի ճեմարանում՝ որպես հայոց լեզվի դասատու։ Նույն այդ տարիներին կարճ ժամանակով հրատարակել է «Ընտանիք» հանդեսը, սակայն չունենալով հաջողություն, ընդհատել է և ամբողջովին նվիրվել ուսուցչական աշխատանքին։ Կազմել է դասագրքեր, ձեռնարկներ, ընթերցարաններ և այլն, ինչպես՝ «Հավաքածո ընտիր գրվածոց ազգային և օտար մատենագրաց, աշխարհիկ լեզվով», որի Ա մասը արժանացել է 5 տպագրության, Բ մասը՝ 4, «Փնջիկ, նախապատրաստական տարի, հայերեն արտասանությանց», արժանացել է բազմաթիվ տպագրությունների։ 1907թ. լույս է տեսել նրա «Նոր քերականություն հայերեն գրաբար լեզվի» դասագիրքը, 1909թ.՝ «Նոր բառգիրք հայերեն լեզվի» բառարանը։ Բացի վերոհիշյալ գրքերից՝ տպագրել է «Թեոդոր Սալհունի կամ քրիստոնյա Նահատակը» ողբերգությունը, Րաֆֆու, Մատթեոս Իզմիրլյանի կենսագրությունները, «Բախտացույց ու երազահան», «Առձեռն նամականի» և այլն։ 1919-40թթ 20 տարի հրատարակել է «Գրպանի տարեցույց» փոքրիկ գրքույկները, որոնք բացի տոմարական գիտելիքներից՝ պարունակում են բանասիրական և գրական նյութեր։ Մահացել է Փարիզում: