Zark Foundation

Սիրանուշ Գալստյան

Սիրանուշ Գալստյան

Երգչուհի

Ծնվել է 1980թ. մայիսի 9-ին, Երևանում: 1997թ. ավարտել է Երևանի թիվ 170 միջնակարգ դպրոցը, որտեղ մասնակցել է երգի-պարի խմբակի պարապմունքներին: 1989-91թթ երգել է «Զորավար Անդրանիկ» մանկական ազգագրական համույթում: 1991-97թթ սովորել է Երևանի երգչախմբային ընկերության երաժշտական ստուդիայում: 1994-96թթ երգել է Երևանի մանկապատանեկան կենտրոնի ժողովրդական գործիքային անսամբլում: 1997թ. ընդունվել է Երևանի Մշակույթի համալսարան, որտեղ սովորել է մշակույթի ֆակուլտետի վոկալ և պարի բաժիններում: Նույն թվականին սովորել է նաև Ջիվանու անվան աշուղական դպրոցում: 1997-2011թթ երգել է «Սայաթ-Նովա» աշուղական երգի անսամբլում, որտեղ նաև դասավանդել է: Համերգային շրջագայություններով եղել է Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Սիրիայում, Իրաքում և այլուր: 2007թ. եղել է «Շանթ» հեռուստաընկերության «Ժողովրդական երգիչ» նախագծի դասատուներից մեկը: Արժանացել է բազմաթիվ մրցանակների ու պատվոգրերի, որոնցից են՝ ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության պատվոգիր (2008թ.), Մոսկվայի «Տաշիր» հայկական երաժշտական մրցանակաբաշխության «Տարվա հայտնություն» մրցանակ (2009թ.) և այլն: Նկարահանել է ավելի քան 5 տեսահոլովակ: Թողարկել է «Հայաստան, դուռդ բաց» (2013թ.) ձայնասկավառակը: 2013թ-ից աշխատում է Մոսկվայում, որտեղ աշուղական և ժողովրդական երգ է դասավանդում «Հայորդիք» երգի-պարի համույթի և տեղի հայ համայնքի ներկայացուցիչներին: