Zark Foundation

Սողոմոն Մելիք-Շահնազարյան

Սողոմոն Մելիք-Շահնազարյան

Արձակագիր

3 հուլիս, 1862 - 7 օգոստոս, 1942

Ծնվել է Շուշիում: Եղել է երգիծաբան Տմբլաչի Խաչանի եղբայրը: Սերում է Արցախի Մելիք-Շահնազարյանների իշխանական տոհմից։ Սովորել է Շուշիի թեմական դպրոցում, ուր աշակերտել է Ղազարոս Աղայանին։ 1883թ. ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը։ Ուսուցիչ է եղել Ագուլիսում, Գանձակում, Դերբենդում, Բաքվում։ Աշխատակցել է «Մուրճ» ամսագրին։ Հրատարակել է երկու վիպակ։ Դրանցից մեկը («Հայ գյուղացու սև օրը», 1890թ.) պատկերում է գյուղացի պանդուխտների, մշակների կործանումն ու բարոյազրկումը բուրժուական քաղաքում, մյուսը («Գործակատար Մարտիրոսը», 1913թ.)՝ սոցիալական չարիքի դեմ մաքառելուց հրաժարված գյուղական մտավորականի խարխափումները՝ արդարության ու ճշմարտության ճանապարհին։ 1950թ. հրատարակվել է «Հայ գյուղագիրներ» ժողովածուն, որտեղ տպագրվել է նրա լուսանկարը, համառոտ կենսագրությունը, հատվածներ «Հայ գյուղացու սև օրը» վիպակից և «Վիթխարի ընկուզենին» պատմվածքը: Մահացել է Թբիլիսիում: