Zark Foundation

Սոֆա Ազնաուրյան

Սոֆա Ազնաուրյան

Կոմպոզիտոր

Ծնվել է 1959թ. հուլիսի 3-ին, Ռուսաստանի Կրասնոդարում քաղաքում: 1967-74թթ ուսանել է Կրասնոդարի թիվ 2 երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժնում: 1978թ. ավարտել է Կրասնոդարի Ն.Ռիմսկի-Կորսակովի անվան երաժշտական ուսումնարանի կոմպոզիցիայի և տեսության բաժինները, 1983թ.՝ Երևանի Կոմիտասիանվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժինը՝ Գրիգոր Եղիազարյանի ղեկավարությամբ: 1988թ-ից աշխատել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում, Երևանի կոնսերվատորիայում և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: 2000թ-ից «ԵՊԿ հրատարակչության» և «Երաժշտական Հայաստան» ամսագրի խմբագիրն է: Հեղինակել է օպերաներ, սիմֆոնիկ, կամերային, վոկալ ստեղծագործություններ, ավելի քան երկու տասնյակ հոդվածներ, որոնք տպագրված են հայկական մամուլում: Ստեղծագործություններից են՝ «Պոեմ սոպրանոյի և կամերային նվագախմբի համար» (1983թ.), «Ֆանտազիա կոնտրաբասի և կամերային նվագախմբի համար» (1984թ.), Երեք պիես կամերային նվագախմբի համար (1985թ.), «Ինչո՞ւ» (ձայնի և էստրադային սիմֆոնիկ նվագախմբի համար (1982թ.), Երկու կրկնակի ֆուգա (1982թ., լարային և փողային կվարտետների համար), դաշնամուրային տրիո (1984թ.), Չակոնա (դաշնամուրի, ջութակի և թավջութակի համար 1982թ.), «Ակնթարթ» (1983թ., վոկալ շարք), ռոմանսներ ձայնի և դաշնամուրի համար (1984թ., «Ասում են թե», «Լորիների տակ»), յոթ էստրադային երգ, «Տունն այս բարի» հիմն երկսեռ երգչախմբի, երգեհոնի և զանգերի համար, յոթ երգ փոքր տարիքի երեխաների համար (ռուս բանաստեղծների տեքստերով), յոթ երգ երեխաների համար (հայկական ժողովրդական տեքստերով), «Կատակ» (2002թ., դաշնամուրի և երկու ջութակի համար), «Մարալ հոյ» (2002թ., երգչախմբի և դաշնամուրի համար, ժողովրդական տեքստերով), «Ջան գյուլում» (2003թ., մշակում երկու դաշնամուրի համար), «Հույս» մոնոօպերա (2004թ.), «Հայաստան» կամերային օպերա (2006թ.), «Համլետ» մոնոօպերա (2007թ.), Ֆուգաներ դաշնամուրի, Ֆլեյտայի և թավջութակի համար, երգչախմբի համար, երեք վոկալ շարք երեխաների համար (հայկական ժողովրդական, հայ և ռուս բանաստեղծների տեքստերով) և այլն: Հայաստանի ժուռնալիստների միության, 1998թ-ից՝ Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ է, 2007թ-ից՝ Բնության և հասարակության մասին միջազգային ակադեմիայի ակադեմիկոս է: 1982թ. Մոսկվայում կայացած Երիտասարդ կոմպոզիտորների համամիութենական մրցույթում արժանացել է դափնեկրի կոչման: «Արևիկ» մանկապատանեկան անսամբլի հանրապետական մրցույթում նրա «Կրկեսում» երգն արժանացել է մրցանակի, իսկ Բեյրութում՝ «Վանա ձայն» ռադիոկայանի կազմակերպած երգի մրցույթում ճանաչվել լավագույն երգ: