Zark Foundation

Վազգեն Չալոյան

Վազգեն Չալոյան

Փիլիսոփա, պատմաբան

7 հունվար, 1905 - 24 մարտ, 1981

Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի): Եղել է հայ պատմափիլիսոփայական գիտության հիմնադիրներից։ 1926թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմագրական ֆակուլտետը։ 1938թ-ից աշխատել է ՀՀ ԳԱ փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտում որպես ավագ գիտական աշխատող։ Նրա աշխատությունները նվիրված են հին և միջնադարյան շրջանի հայ մտածողների աշխարհայացքի վերլուծությանը և հայ փիլիսոփայության պատմության ամբողջական ուսումնասիրությանը («Հայոց փիլիսոփայության պատմություն», 1959թ., ռուսերեն), միջնադարի գաղափարախոսության և մշակույթի ընդհանուր տեսական և մշակութաբանական խնդիրների հետազոտությանը («Վերածնության շրջանի հայ փիլիսոփայության պատմություն», 1944թ., «Հայկական ռենեսանս», 1963թ., ռուսերեն)։ Նա Դավիթ Անհաղթի փիլիսոփայության առաջին ուսումնասիրության հեղինակ է («Դավիթ Անհաղթի փիլիսոփայությունը», 1946թ., ռուսերեն)։ Արևելքի և Արևմուտքի ժողովուրդների փիլիսոփայական մտքի կապերի և փոխներթափանցման հարցերն են լուսաբանված «Արևելք-Արևմուտք» (1979թ., ռուսերեն, 1980թ., լեհերեն) գրքում։ Հրատարակել է Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոց» («Գիրք հերքմանց», թարգմանած գրաբարից ռուսերեն) և Հովհան Որոտնեցու («Վերլուծութիւն «Ստորոգութեանց» Արիստոտէլի», թարգմանած գրաբարից ռուսերեն, Ա.Ադամյանի հետ) երկերի բնագրերը։ 1945թ. ստացել է փիլիսոփայական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: 1965թ-ից եղել է ՀՀ ԳԱ թղթակից անդամ: Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։ 1967թ. արժանացել է Հայաստանի գիտության վաստակավոր գործչի կոչման, 1977թ.՝ ՀՀ ԳԱ Մեսրոպ Մաշտոցի անվան մրցանակի։ Մահացել է Երևանում: