Ծնվել է ՀՀ Արարատ գյուղում (այժմ՝ ՀՀ Արարատի մարզում)։ Նախնական կրթությունն ստացել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցում: 1976-79թթ սովորել է Երևանի Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում։ 1979-83թթ աշխատել է ֆիզկուլտուրայի ուսուցիչ հայրենի Արարատ գյուղի միջնակարգ դպրոցում։ Այնուհետև որոշակի հանգամանքների հետևանքով ազատվել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում զինվորական ծառայությունից։ 1983-86թթ եղել է Արարատի ցեմենտի գործարանի՝ կոմունիստական երիտասարդական միության (կոմսոմոլ) քարտուղարը։ 1985թ. դարձել է Հայաստանի գրողների միության անդամ։ Առաջին պատմվածքը լույս է տեսել «Գարուն» ամսագրում՝ «Վերջը» վերնագրով։ 1988թ. լույս է տեսել նրա պատմվածքների ժողովածուն՝ «Հացի փորձություն» խորագրով, իսկ 2000թ.՝ «Ոգու փորձություն» ժողովածուն։ 1986-89թթ աշխատակցել է «Գարուն» ամսագրին՝ որպես գովազդային-քարոզչական բաժնի վարիչ: 1990-95թթ ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, որի ընթացքում՝ 1990-92թթ հանդիսացել է Գերագույն խորհրդի պաշտպանության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, 1991-92թթ ՀՀ պաշտպանության նախարար, 1992-93թթ՝ ՀՀ նախագահի խորհրդական պաշտպանության հարցերի գծով, ՀՀ սահմանամերձ գոտիներում ՀՀ նախագահի հատուկ ներկայացուցիչ, 1993-95թթ՝ ՀՀ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի գծով պետնախարար: 1995թ. կրկին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար, իսկ 1999թ. դարձել է ՀՀ վարչապետ։ Ակտիվ դերակատարություն է ունեցել 1991-94թթ տեղի ունեցած Արցախյան պատերազմում։ 1993թ. Երևանում հիմնադրվել է «Երկրապահ կամավորական միություն» հասարակական կազմակերպությունը, որի համագումարի ընթացքում կազմակերպության նախագահ է ընտրվել։ 1989թ-ից ՀՀ Արարատի շրջանում կազմավորել է առաջին կամավորական ջոկատները և մասնակցել Երասխի ինքնապաշտպանությանը: 1990-94թթ կազմակերպել և ղեկավարել է ՀՀ սահմանամերձ շրջանների ու Արցախի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերը: 1992թ. արցախյան գոյապայքարի ծանր օրերին հեռուստակոչով կազմավորել է «Արծիվ-մահապարտների» հատուկ նշանակության գումարտակը (շուրջ 500 հոգի), որի ջոկատները կռվել են Մարտակերտի և այլ շրջանների ազատագրական մարտերում: 1999թ. ընտրվել է Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ, ապա` նույն կուսակցության և Հայաստանի Ժողովրդական կուսակցության համագործակցությամբ ստեղծված «Միասնություն» դաշինքի համանախագահ (Կարեն Դեմիրճյանի հետ): Հրապարակախոսական հոդվածներում կարևորել է պետական անկախության, պետականաշինության, երկրի պաշտպանունակության բարձրացման և հզորացման խնդիրները: Ժողովուրդի մի մասը նրան տվել է «Սպարապետ» պատվանունը: 1998թ. արժանացել է «Արցախի հերոս» կոչման և Արցախի «Ոսկե արծիվ» շքանշանի, 1999թ.՝ ՀՀ «Հայրենիք» շքանշանի և Հայաստանի Ազգային հերոսի բարձրագույն կոչման (հետմահու): 1999թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճը, որտեղ ընթանում էր ԱԺ նիստ, հարձակման է ենթարկվում 5 զինված անձանց կողմից, որի հետևանքով այլ պետական պաշտոնյաների թվում սպանվում է նաև Վազգեն Սարգսյանը։ Նրա պատվին ՀՀ և Արցախի տարբեր բնակավայրերում կանգնեցվել են արձաններ և կիսանդրիներ, անվանակոչվել փողոցներ, այդ թվում՝ Երևանի կենտրոնում, իսկ 2003թ. ՀՀ Արարատի մարզի Արարատ գյուղում ստեղծվել է նրա տուն-թանգարան: Նրա անունով է անվանակոչվել նաև Երևանում գտնվող ռազմական ուսումնարաններից մեկը, Երևանի հանրապետական մարզադաշտը։