Zark Foundation

Վահրամ Մավյան

Վահրամ Մավյան

Բանաստեղծ, արձակագիր

27 հունիս, 1926 - 17 օգոստոս, 1983

Ծնվել է Երուսաղեմում: Նախնական կրթությունն ստացել է տեղի Թարգմանչաց վարժարանում: 1944թ. ավարտել է տեղի «Բիշըփ Գոբաթ» անգլիական վարժարանը: 1944-58թթ դասավանդել է Նիկոզիայի Մելիքյան ազգային վարժարանում և Մելքոնյան կրթական հաստատությունում: 1957թ. մեկնել է Անգլիա: 1961թ. ավարտել է Բելֆասթի «Քուինզ» համալսարանի անգլիական գրականության, փիլիսոփայության, հոգեբանության եռամյա դասընթացները: 1963թ. հաստատվել է Լիսաբոնում, սկսել պաշտոնավարել Կյուլպենկյան ընկերության հայկական բաժնում: Աշխատանքի բերումով այցելել է աշխարհի հայաշատ կենտրոններ, ուսումնասիրել նրանց հուզող կրթական, մշակութային և այլ հարցեր: Բազմիցս եղել է Հայաստանում: Գրական ասպարեզ է իջել որպես բանաստեղծ: Նրա քնարական գործերն ամփոփված են «Համեցող վերադարձ» (1956թ., Երուսաղեմ) ժողովածուում: 1958թ-ից սկսած գրել է պատմվածքներ, վիպակներ, օրագրություններ: Հրատարակվել են նրա «Հայու բեկորներ» (1967թ.), «Անկապ օրագիր» (1968թ., Երուսաղեմ), «Ամեն տեղ հայ կա» (1977թ., Երուսաղեմ), «Մխացող հոգիներ» (1977թ., Երևան) ժողովածուները: Գրողի ստեղծագործության հիմնական նյութը աշխարհացրիվ «հայ բեկորներու» հոգեկան տառապանքն է ու պայքարն իրենց հետզհետե կորսվող ազգային դիմագիծը պահպանելու համար: Մահացել է Լիսաբոնում: