Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ` Գյումրի): Եղել է աշուղ Շերամի որդին, բանաստեղծ Վազգեն Տալյանի եղբայրը: 1926թ. ավարտել է Թիֆլիսի կոնսերվատորիայի Սարգիս Բարխուդարյանի ստեղծագործական դասարանը, ավելի ուշ ուսանել Վ.Շչերբաչյովին: 1924թ. ավարտել է Դոնի Ռոստովի համալսարանի բժշկական ֆակուլտետը: 1924-27թթ դասավանդել է Թիֆլիսի Հայարտյան երաժշտական ստուդիայում, 1927-34թթ` թիվ 3 երաժշտական տեխնիկումում, որտեղ 1933թ-ից եղել է նաև տնօրենը: 1933-34թթ եղել է Վրաստանի կոմպոզիտորների միության հայկական սեկցիայի նախագահը: 1934թ-ից բնակվել է Երևանում, դասավանդել կոնսերվատորիայում, ղեկավարել ստեղծագործական դասարանը (1945թ-ից` պրոֆեսոր): Եղել է կոմպոզիցիայի դասավանդման հայ սովետական դպրոցի հիմնադիրը: Հատկապես մեծ է նրա վաստակը կոմպոզիտորների ուսուցումը ազգագրական երաժշտության հիմքով տանելու գործում: Սաներից են Առնո Բաբաջանյանը, Ալեքսանդր Հարությունյանը, Էդվարդ Միրզոյանը, Ղազարոս Սարյանը, Արամ Մերանգուլյանը, Ադամ Խուդոյանը և այլք: Ստեղծագործել է տարբեր ժանրերում, հիշատակելի են` լարային կվարտետը (1935թ.), ջութակի սոնատը (1944թ.), դաշնամուրային տրիոն (1946թ.), «Ռուշանի քարափը» օպերան (ըստ Ն.Զարյանի, անավարտ, 1938թ.), մանկական ժանրային երգերի շարքը` դաշնամուրի նվագակցությամբ (1943թ.), «Գյուլիզար» երաժշտական դրաման (կատարվել է Թիֆլիսում, 1920թ.), «Կոլխոզական» («Լիություն») վոկալ-սիմֆոնիկ պատկերը (1942թ.), «Հայաստան» երգը երգի-պարի անսամբլի համար: Գրել է նոր կենցաղի թեմաներով մասսայական երգեր, ռոմանսներ ու խմբերգեր, կամերա-գործիքային երկեր, կատարել ժողովրդական և աշուղական երգերի մշակումներ: Նրա ստեղծագործությունը բնորոշվում է ժողովրդա-ազգագրական հենքով, վառ արտահայտված մեղեդայնությամբ, բոլոր ժանրերում երգային տարերքի գերիշխանությամբ, ազգային երաժշտությունից բխող հյութեղ հարմոնիայով: Մահացել է Երևանում: